Պատմության այս օրը․ Արցախի Հանրապետության անկախության հռչակում (լուսանկարներ)

Պատմության այս օրը․ Արցախի Հանրապետության անկախության հռչակում  (լուսանկարներ)

Պատմության մեջ յուրաքանչյուր օր առանձնանում է որևէ իրադարձությամբ, փաստով կամ տոնով։ Եվ այսուհետ  MediaHub.am-ն իր հետևորդներին է ներկայացնելու յուրաքանչյուր օրվա խորհուրդը։ 

Շարքի երկրորդ անդրադարձը նվիրված է Արցախի հանրապետության անկախության հռչակմանը։ Եվ ինչու՞ ոչ, տանք նաև վստահաբար շատերիդ հուզող հարցի պատասխանը՝ ինչու՞ հենց Արցախ, ի՞նչ է նշանակում։

Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։

1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Իսկ ի՞նչ է նշանակում Արցախ․

Ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։

Ըստ մեկ այլ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ»տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։