«Ժեռտվա» տալու ժամանակը

«Ժեռտվա» տալու ժամանակը

Արսեն Թորոսյանի գլխին սև ամպեր են կուտակվել:

Սրան, ի դեպ, սպասում էինք դեռ ողբերգական 2020 թվականից սկսած, երբ տարին սկսվեց ոչ պակաս մահաբեր կորոնավիրուսի պանդեմիայով, ու այն բոլոր մախինացիաները, որոնք հնարավոր էին, իրականացվեցին խուճապի մատնված ազգի գլխին:

Այն ժամանակ էլ ասում էին, հիմա էլ պնդում՝ շատերին կորոնայի անվան տակ մտցրին հիվանդանոցներ, հորմոններով խեղդեցին օրգանիզմը, իբրև թե կյանքը փրկելու համար, բայց իրականում ստացվեց լրիվ հակառակը. ապացուցված է, որ հորմոնների ընդունումը արագացնում է քաղցկեղածին բջիջների աճը և հորմոններ ընդունող մարդիկ խոցելի խմբում են հայտնում ՝ հետագայում քաղցկեղով հիվանդանալու առումով:

Բայց ո՞վ էր այդ մասին այն ժամանակ մտածում: Կարևորը պացիենտների թիվը ցույց տալն էր, ահռելի ֆինանսական միջոցներ ստանալն ու հարստանալը: Ահա, օրինակ, ըստ պաշտոնական մեղադրանքի՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող կազմակերպությունների ցանկում ներառել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը, որի հիմնադիր տնօրենի հետ քավորսանիկական հարաբերություններ ունի: Սիմոնյանը հսկողություն չի իրականացրել, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չի համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:

Եվ սա միակ դեպքը չէ: Այս ամենը Արսեն Թորոսյանի նախարարության օրոք:

Արսեն Թորոսյանը շատ քաջ գիտակցում է, որ «կամաց-կամաց մոտենում են իր տներին», և փորձում է պաշտպանվել: Օրինակ, հայտարարում, որ «բժիշկները և կովիդի բուժումը համակարգող տեղակալներից մեկը անհիմն մեղադրվում են ինչ-որ ֆինանսական վերահսկողություն պատշաճ չկատարելու մեջ»: Ըստ էության, սա ինքնապաշտպանություն է, բայց արդյո՞ք այն կլինի արդյունավետ:

Դեռ փետրվարի վերջին գրել էինք, որ դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է ԱԺ գալ, այս անգամ՝ ՔՊ-ական պատգամավորներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ: Անունը չէր հանրայնացվել, բայց Արսեն Թորոսյանը թիրախում էր: Թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց հենց այս փուլում յուրայինին «ժեռտվա տալ» պարզ է՝ իշխանության վարկանիշը ռեկորդային ցածր է, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են և իշխանությունը հանրության մոտ դիվիդենտներ է հավաքում, թե այնքան պարզ ու շիտակ են, որ անգամ սեփական թիմակիցներին են պատժում, եթե նա սխալ է գործել: