Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակ է, մթերքները մատակարարում են խաղաղապահները․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։
«Իսկապես, մենք պարբերաբար հանդիպում ենք և քննարկում ենք հարցերի լայն շրջանակ: Այսօր մենք կքննարկենք նաև երկկողմ օրակարգի հարցեր և տարածաշրջանային հարցեր: Կարծում եմ, որ այսօր կքննարկենք նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը»,- Պուտինի հետ հանդիպումից առաջ ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Ղարաբաղում բավական լարված հումանիտար իրավիճակ է ստեղծվել։ «Արդեն մի քանի ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղում գազ ու էլեկտրականություն չկա, իրավիճակը Լաչինի միջանցքում շարունակում է մնալ բավականին լարված, պետք է շեշտեմ, որ այժմ իրականացվում են սննդամթերքի առաքումներ Լեռնային Ղարաբաղ. ռուս խաղաղապահների օգնությամբ և սա սննդի սահմանափակ քանակություն է, ընդհանրապես հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և սա նույնպես շատ կարևոր հարց է, և ես վստահ եմ, որ այսօր կքննարկենք»,- ասել է Փաշինյանը։