Կետ առ կետ կարող եմ արձանագրել, որ այդտեղ ասվածները անհիմն են․ Մինասյանը՝ Ազարյանին

Լրագրողներն  այսօր Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է ԲԴԽ-ն ընտրողաբար մոտենում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին, հարցեր հնչեցրին նաեւ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի երեկվա հայտարարության վերաբերյալ, որտեղ նա նշում է, թե ԲԴԽ նախագահը ձեռնամուխ է եղել հեղինակավոր դատավորների լիազորությունները դադարեցնելուն: 

«Կարեն Անդրեասյանը, որպես կուսակցական գործիչ եւ նախկին արդարադատության նախարար, ներկայիս արդարադատության նախարարի հետ հանդիսանալով մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ է եղել դատավորների լիազորությունները դադարեցնելուն»,- նշված էր հայտարարությունում:

«Կետ առ կետ կարող եմ արձանագրել, որ այդ հայտարարության մեջ ասվածներն անհիմն են եւ ուղղակի մտքեր են, որոնց պատշաճ ընթացակարգերով հնարավորություն չկա արձագանքելու։ Դատական համակարգից դուրս են մնում միայն այն ընթացակարգով, որը նախատեսված է դատական օրենսգրքով, այսինքն՝ եթե դատավորը խախտում է անում, կարգապահական վարույթ է հարուցվում, այնուհետեւ ԲԴԽ-ն իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում պատասխանատվության է ենթարկում»,-նշեց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։