Վարդանյանի հրաժարականը լուծում չէ, կարևորը փաշինյանական-ալիևյան ռեժիմներին չզիջելն է. հարցազրույց

Այս փուլում գուցե Բերձորի միջանցքի բացումը Ռուբեն Վարդանյանի հրաժարականով է պայմանավորում Բաքուն, և սրա արդյունքում այն բացվի, սակայն պարզ է, որ սա ընդամենն ածանցյալ է ամենակարեւոր գերխնդրին` Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել-չճանաչելու հարցին։ Հետեւաբար, միամտաբար չեմ կարող կարծել, թե բացումը լուծում է։
Այս մասին MediaHub-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը:
- Տիկին Կոստանյան, մյունխենյան հանդիպումից հետո դարձյալ ակտիվացան խոսակցությունները, որ Ռուբեն Վարդանյանն առաջիկա օրերին կազատվի զբաղեցրած պաշտոնից, քանի որ այդպես ուզում են Բաքուն ու Երևանը: Նշվում է, որ այսօր հենց այդ մասին կհայտարարվի. Դուք նման զարգացում հավանակա՞ն եք համարում:
- Կարծում եմ ամեն դեպքում լրատվական դաշտ նետված ասեկոսեները հենց այնպես չեն հայտնվում. անծուխ կրակ չի լինում։ Ըստ էության, Բաքվի առանցքային պահանջն այս պահին հենց Վարդանյանի հրաժարականի շուրջ է, քանի որ, ըստ էության, Ալիևը գուցե հնարավոր վտանգներ է տեսնում միջազգային մակարդակում Արցախի թեման ավելի ակնառու և ազդեցիկ ձևով առաջ տանելու հարցում, հետևաբար բացեիբաց մեղադրանքներով նաև պահանջ է ներկայացնում։
Ինձ համար այստեղ առանցքայինն այն է, որ հայկական կողմը, այս հարցում զիջելով Բաքվի անիրավ պահանջներին՝ հող է պատրաստում ապագայում նորանոր այլ պահանջների համար, այսպիսով լեգիտիմացնելով Ալիևի պնդումներն արցախահայության միայն համայնքային իրավունքների մասին։ Հավանական, բայց ոչ խելամիտ եմ համարում նման մոտեցումը Արցախի իշխանության կողմից, եթե այդպիսին կա առհասարակ։ Պարզապես հույս ունեմ, որ ավելի իրատես կգտնվեն ու կամք կդրսևորեն` տեղի չտալով ալիևյան ամբարտավան պահանջատիրությանը։
- Նշվում է անգամ Վարդանյանին փոխարինողի անունը՝ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյան: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատել էր, որ ստացել է առաջարկը: Մամուլը գրել էր, որ նա սորոսական շրջանակների հետ է մտերիմ և ընդունելի է Նիկոլ Փաշինյանի կողմից:
-Ինձ համար ցանկացած պարտվողական մոտեցում հավասարապես անընդունելի է, և անկախ նրանից, թե այդ մոտեցումն ում դեմքով է առաջ տարվում, բոլորովին էական չէ։ Գիտեմ, որ Արցախում պարբերաբար ներքին անհամաձայնություններ են առաջանում տարբեր անհատների կողմից, ովքեր մեծ հաշվով գուցե փաշինյանական կողմնորոշում ունեն։ Պիտի ասեմ, որ նման մոտեցումները վտանգավոր են հենց իրենց` արցախահայերի համար։ Պատերազմից հետո առավել, քան երբեւէ Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պիտի հստակ գիտակցի, որ Արցախի հարցն այլևս ճակատագրական փուլում է գտնվում, և այստեղ չափազանց կարևոր է միասնականությունը հայրենիքն ամուր պահելու հարցում։ Հակառակ դեպքում կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։
- Դուք հավատո՞ւմ եք, որ առաջիկայում Լաչինի միջանցքը կբացվի և որ խնդիրը միայն Վարդանյանի գործոնն էր:
- Այս փուլում գուցե Բերձորի միջանցքի բացումը Վարդանյանի հրաժարականով է պայմանավորում Բաքուն, և սրա արդյունքում այն բացվի, սակայն պարզ է, որ սա ընդամենն ածանցյալ է ամենակարեւոր գերխնդրին` Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել-չճանաչելու հարցին։ Հետեւաբար, միամտաբար չեմ կարող կարծել, թե բացումը լուծում է։
Իհարկե ուզում եմ օր առաջ բացվի ճանապարհը, որպեսզի ինքս էլ օր առաջ հասնեմ Արցախ, սակայն այն կրկին ամեն րոպե կարող են փակել, ինչպես անում են գազի պարագայում։ Իսկ նպատակը մեկն է` հայաթափել Արցախը վերջնականապես։
- Ի՞նչ ուղերձ է հղելու Արայիկ Հարությունյանը, ինչո՞վ է այն կարևոր լինելու, ինչպիսի ակնկալիքներ կան:
- Անկեղծ ասած այդ պերսոնաժից որեւէ ակնկալիք չունեմ, քանի որ բազմիցս ցույց է տվել իր տկարամտությունը, պայքարի պատրաստ չլինելը։ Թե ինչ ուղերձ է լինելու, մեծ հաշվով էական նշանակություն չունի։ Արցախում պայքարի պատրաստ քաղաքական ուժեր կան, որոնք ոչ մի պարագայում չեն զիջի փաշինյանական-ալիևյան ռեժիմներին ։ Ինձ համար ավելի կարեւոր է, որ այդ ուժերը չհուսալքվեն ու ամուր լինեն` վստահ, որ ունեն իրենց հայրենակիցների աջակցությունը Հայաստանում։