ՀՀ քաղաքացիները կո՞ղմ են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից

ՀՀ քաղաքացիները կո՞ղմ են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հունական օրաթերթին տված հարցազրույցում ասել է․ «ՀԱՊԿ-ը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022թթ.: Եվ հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը ՀԱՊԿ-ում: Մենք 2023 թ. սեպտեմբերից ի վեր չունենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ։ Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում։ Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները»։

Սա այս բովանդակությամբ առաջին հայտարարությունը չէ, որ Փաշինյանը կամ ՔՊ-ականներն անում են ՀԱՊԿ-ի մասով, բացի դրանից հնչում են հայտարարություններ, որ Հայաստանը, հնարավոր է, դուրս գա ՀԱՊԿ-ից, սակայն մնա ԵԱՏՄ-ում։ 

Իսկ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները, արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և եթե այո, ապա ինչո՞ւ։ Այս հարցի շուրջ MediaHub-ը հարցում անցկացրեց իր ընթերցողների շրջանում: Նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել է շուրջ 8000 մարդ, և ահա ինչ պատկեր ունենք: 

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, հարցմանը մասնակցած ընթերցողների 71%-ը տվել է դրական պատասխան՝ «Այո, քանի որ ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները չի կատարում»: Հարցվածների 29%-ն ընտրել է «Ոչ, մեր դաշնակիցը եղել է և շարունակում է մնալ Ռուսաստանը» տարբերակը:  

Հարցմանը մասնակցած ընթերցողները նաև մեկնաբանություններ են թողել: Օրինակ. «ՀԱՊԿ-ից եթե դուրս գանք, կդառնանք երկրորդ Ուկրաինա։ Ինչո՞ւ եք ուզում Ռուսաստանին դարձնել թշնամի»։

Իսկ մյուս ընթերցողը գրել է․ «Այս ի՞նչ օրն ենք հասել, որ ժողովուրդն է կառավարության փոխարեն քաղաքական լուրջ հարցեր որոշում»։

«Դո՛ւրս ՀԱՊԿ-ից, իսկ ազնիվ հարաբերությունները առանձին-առանձին որոշե՛ք»,- գրել է ընթերցողներից մեկը։

«Զարմանալի է, ի՞նչն եք հիմք ընդունում, որ ուզում եք մնալ ՀԱՊԿ-ում, ի՞նչ պետք է անեն, որ հասկանաք, որ նրանք անվստահելի գործընկեր են»,- գրել է ընթերցողներից մեկը։

Այսպիսով, հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը կողմ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, մինչդեռ ՀԱՊԿ-ից դուրս գալը նշանակում է խզել ՌԴ-ի հետ հարաբերությունները, այդ թվում և անվտանգային բոլոր պայմանավորվածությունները։ Բացի այս, հարց է առաջանում՝ եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, արդյո՞ք կարող է մնալ ԵԱՏՄ-ում, քանզի ՀՀ իշխանությունները գոհունակությամբ նշում են այն դրական օգուտների մասին, որ մեր երկրին տալիս է այդ անդամակցությունը։ Միգուցե ՀԱՊԿ-ից դուրս գալը կբերի նրան, որ Հայաստանը «ստիպված կլինի» դուրս գալ ԵԱՏՄ-ից, և սա լուրջ հարց է.․․

Մարիաննա Արամյան