«Ամուսինս ու հայրս մահացան նույն օրը, իսկ մայրս ապրելու համար մինչ օրս կռիվ է տալիս...» 

«Ամուսինս ու հայրս մահացան նույն օրը, իսկ մայրս ապրելու համար մինչ օրս կռիվ է տալիս...» 

«Ես միայն հայրենիք ու տուն չեմ կորցրել։ Ինձ համար ամենասարսափելի բանը հարազատներիս կորուստն էր։ Երբեք չեմ մոռանա այն ծանր ապրումները, որ ունեցա սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում։ 10 տարեկան երեխայիս ձեռքից բռնած փնտրում էի ամուսնուս, հորս ու մորս»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Գայանե Ամիրջանյանը։ 

Նրա ամուսինը՝ 37-ամյա զինվորական Արամ Մարտիրոսյանը, Մարտակերտի դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։ Կինը պատմում է, որ նա հայտնվել է շրջափակման մեջ և մի քանի օր հետ ու առաջ գնալու հնարավորություն չի ունեցել։ Տուն է վերադարձել սեպտեմբերի 24-ին։ 

«Հայաստան ուղևորվելու նպատակով հաջորդ օրը մենք էլ քաղաքով մեկ վառելիք էինք փնտրում։ Ամուսնուս, ծնողներիս ու երեխայիս հետ գնացինք Հայկազով։ Ես ու երեխաս մնացինք մեքենայի մեջ՝ այդ տարածքից քիչ հեռու, մերոնք մոտեցել էին պահեստին։ Կամաց-կամաց հերթը հասնում էր իրենց։ Հանկարծ պայթյունի ձայն է լսվել»,- հիշում է 34-ամյա կինը։ 

Դրանից հետո տեսածն ու կատարվածը մեր զրուցակիցը նույնիսկ չի էլ ուզում հիշել։ Նա երեխայի հետ փորձել է փնտրել իր հարազատներին, բայց տարածքում գտնվող սթափ մարդիկ հետ են ուղարկել, ասելով, որ, հնարավոր է, 2-րդ պայթյուն լինի, վտանգավոր է։

«Հետո ինձ ասացին, որ մորս մանկական հիվանդանոց են տեղափոխել, ու մենք բարձրացել ենք քաղաք։ Նրա վիճակը ահավոր ծանր էր, այրվածքներից բացի ստացել էր նաև կոտրվածքներ ու մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հաջորդ օրը ուղղաթիռով տեղափոխել են Հայաստան, իսկ ես մինչև սեպտեմբերի 29-ը մնացել ու շարունակել եմ որոնումները և՛ պայթյունի տարածքում, և՛ հիվանդանոցներում։ Սիրտ չեմ արել գնալ մորգ, մարդու եմ խնդրել, գնացել են մորգում նայել, բայց ոչ մի տեղ չեն եղել»,- պատմում է Գայանեն։ 

Ավելի ուշ Ասյան դստերը պատմել է, որ պայթյունից հետո, երբ աչքերը բացել է, հասկացել է, որ ինքը բենզինի հորում է, մի ոտքը՝ հողի մեջ խրված, մյուս ոտքն ու ձեռքերը՝ կրակի մեջ, իսկ շորերը վառվում էին։ Կինն օգնություն է կանչել, բայց ոչ ոք նրան չի լսել։ Ինքնօգնությամբ մի կերպ դուրս է եկել։ 

Գայանեի ամուսնու՝ Արամ Մարտիրոսյանի ու հոր՝ 59-ամյա Հենրիկ Ամիրջանյանի ԴՆԹ նույնականացումը համընկել է դեպքից մեկ ամիս անց։ Ամուսինը հուղարկավորվել է Վանաձորում, հայրը՝ Արզնիում։ 

«Մայրս արդեն 14 վիրահատություն է տարել։ Վերջին վիրահատությունը կատարվել է մի քանի օր առաջ։ Նոր-նոր սկսել է ման գալ։ Այրված ոտքի ու ձեռքերի մաշկի փոխպատվաստում է իրականացվել»,- ասաց նա։

Հայաստան տեղափոխվելուց հետո ողբերգական իրադարձությունների պատճառով Գայանեն դեռ ուշքի չի գալիս։ Մորը ոտքի կանգնեցնելու նպատակով նա դեռ հիվանդանոցների ճանապարհին է...

Հունան Թադևոսյան