ՔՊ-ական պատգամավորները կտեսակցեն Դավիթ Տոնոյանին

MediaHub-ի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող) և Քրիստինե Պողոսյանը դատարանի որոշմամբ հնարավորություն են ստացել տեսակցել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:
Որոշումը կայացվել է անցած շաբաթվա վերջ:
Թե երբ են պատրաստվում իշխանության ներկայացուցիչներն այցելել Դավիթ Տոնոյանին՝ ճշտել չհաջողվեց:
Նշենք, որ ըստ մամուլի՝ Վիլեն Գաբրիելյանը Դավիթ Տոնոյանի քեռու տղան է (ոչ հարազատ): Իսկ Քրիստինե Պողոսյանը հեղափոխությունից հետո իր հեռախոսի էկրանին դրել էր այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նկարը, հենց այս դրվագով հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում ու հանրությունն իմացավ, որ նման պատգամավոր ունենք:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը և Վիլեն Գաբրիելյանը անձնական երաշխավորությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել: Ինչպես հայտնի է՝ Դավիթ Տոնոյանը մինչ այսօր կալանքի տակ է, դատական նիստերը տարբեր պատճառներով հետաձգվում են, վերջինիս փաստաբանական թիմը մեղադրում է իշխանություններին գործընթացը ձգձգելու համար:
Ի դեպ, ավելի վաղ Վիլեն Գաբրիելյանը համացանցի իր էջում տեղադրել էր իր ու Դավիթ Տոնոյանի լուսանկարն ու գրել.
«Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս: Ծնունդդ շնորհավո՜ր, միշտ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես» սկզբունքով: Որովհետեւ արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»։