Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների, Բանկերը ոլորտի ներկայացուցիչներին 3 մլրդ վարկ են տրամադրել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերը տագնապ են առաջացրել գործարար շրջանակներում: Եվ անգամ իշխանական ու իշխանամերձ գործարարներն այս ամենից լավ հոտ չեն առնում։ Մեզ ասացին, որ այս շրջանակն արդեն Մոսկվայից ուղերձներ է ստացել, որ առաջիկայում պատժամիջոցներ են կիրառվելու Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործարարների նկատմամբ:
Ասենք, բացի Լարսում քաշքշուկներից ու արգելքներից, նրանց արտադրանքի առաջ փակելու են ռուսական շուկան, հարկային եւ այլ միջոցներ են ձեռնարկելու՝ ցույց տալով, թե ինչի կարող է հասցնել Ռուսաստանից հրաժարվելը։ Ռուսաստանի իշխանությունները սպասում են բրյուսելյան հանդիպմանը, որից հետո այդ քայլերը գործնական տեսք կստանան, երբ պարզ դառնա ՀՀ իշխանությունների ընտրությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Էդգար Մուրադյան անուն- ազգանունով մի մարդու, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգեւ ու աշխատավարձ ստանում է: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:
Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ներկայացնելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը շրջել է ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատասենյակի միջանցքներով, ԱԺ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքային սենյակները արձանագրել է, սակայն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն ավարտած Էդգար Մուրադյանի աշխատասենյակը, դրա մասին վկայող ցուցանակը չկա:
Հարց. 1. Էդգար Մուրադյանը վերջին 6 ամիսների ընթացքում քանի՞ անգամ է աշխատանքի հաճախել. խնդրում ենք տրամադրել ՊՊԾ անցակետի միջոցով նրա աշխատանքի ներկայանալու հավաստիացումները:
2. Որտե՞ղ է աշխատանքային գործունեությունը ծավալում Էդգար Մուրադյանը, ո՞ր սենյակում, եւ ինչո՞ւ չկա ցուցանակ:
3. Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում նա՝ ստանալով աշխատավարձ եւ պարգեւավճար պետության միջոցներից:
4. Ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը ամսական տաբելը լրացնելիս ԱԺ նախագահի հրահանգով մշտապես Էդգար Մուրադյանի անվան դիմաց ներկա է գրել՝ ապահովելով նրա՝ աշխատավարձի ամբողջական ստացումը:
5. Իրականում Էդգար Մուրադյանի աշխատավարձը ստանում է ինքը՝ Մուրադյա՞նը, թե՞ նրա բանկային քարտին փոխանցված գումարը ձեր մտերիմներից մեկին է փոխանցվում եւ ի՞նչ նապատակով:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսակ Նելի Դուրյանը հաստատել է մեր բոլոր ինֆորմացիաները, որոնք շարադրված էին հարցերում: Ճիշտ է, հրաժարվել է տրամադրել Էդգար Մուրադյանի մուտք ու ելքի մասին հստակ տեղեկություն, բայց հայտնել է, որ, այո, Էդգար Մուրադյանը հեռավար է աշխատում, այսինքն՝ աշխատանքի չի գալիս, առանձնացված սենյակ, համապատասխան ցուցանակ ու աշխատանքային պայմաններ չկան նրա համար: «Անհրաժեշտության դեպքում աշխատում է ԱԺ նախագահի աշխատակազմին հատկացված ընդհանուր աշխատասենյակներից մեկում»,- գրել է ԱԺ նախագահի խոսնակը:
Այսինքն՝ միայն անհրաժեշտության դեպքում է աշխատում, իսկ իրականում կան ամիսներ, որ ընդհանրապես ԱԺ չի մտել ռեֆերենտը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանի կողմից կատարված ենթադրյալ կեղծիքին, ապա ԱԺ նախագահի խոսնակը լղոզված պատասխան է տվել. «ԱԺ նախագահի գրասենյակի աշխատակիցների ներկայությունը լրացվում է աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում՝ սահմանված կարգով»: Այսինքն՝ հաստատել է նաեւ այդ ինֆորացիան: Այ թե ով է իրականում ստանում Մուրադյանի աշխատավարձը. ԱԺ-ից գրել են որ «փոխանցվում է իրեն պատկանող բանկային հաշվեհամարին»։
Այս մասով դեռ լրացուցիչ ճշտումներ կանենք, քանի որ կասկածահարույց տեղեկություններ ունենք:
Բայց այժմ ներկայացնենք նաեւ, թե ով է արտոնյալ ռեֆերենտը, որ աշխատում է «Կարույուտ» ընկերությունում՝ ըստ իր համացանցային էջի, սակայն համատեղության կարգով ԱԺ նախագահի ռեֆերենտ է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա ԱԺ իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի օգնական Սյուզաննա Գալստյանի ամուսինն է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Սյուզաննա Գալստյանի հետ, որն ասաց. «Իմ ամուսինն աշխատում է ԱԺ-ում, այլ աշխատանք չունի, վաղուց դուրս է եկել եւ ամեն օր աշխատանքի է հաճախում»։ Իրականում Լենա Նազարյանի օգնականը ստեց, թե ամուսինն ամեն օր աշխատանքի է ներկայանում, քանի որ հենց ԱԺ նախագահի խոսնակը մեզ հայտնել է, որ Էդգար Մուրադյանը աշխատանքի չի հաճախում, հեռավար է աշխատում:
Ինչպես կասեր Պարույր Սեւակը, «…ելել են շալակն աշխարհի»:
Ի դեպ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը այսօր պատժում է, քանի որ աղջկան գրանցել է որպես աշխատող ոստիկանությունում, որն աշխատանքի չի ներկայացել, բայց գումար է ստացել: Հիմա նույն տրամաբանությամբ նաեւ Ալեն Սիմոնյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ աշխատող ունի, որ աշխատանքի չի հաճախում, բայց աշխատավարձ ու դեռ պարգեւավճարներ է ստանում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։ Թե ինչու է Գալստյանը որոշել Արցախը դատարկվելուց միայն յոթ ամիս անց վերադառնալ Հայաստան, հարազատներին մանրամասներ հայտնի չեն։
Մեզ պատմեցին, որ ի սկզբանե Սարգիս Գալստյանին եւ կնոջը հարազատները խնդրել-հորդորել են՝ չմնալ Արցախում, հետագայում էլ շարունակ հորդորել են` հեռանալ, սակայն նա մշտապես հույս է հայտնել, որ բռնի տեղահանված արցախցիները ռուսական կողմի միջնորդությամբ վաղ թե ուշ կվերադառնան Արցախ, իսկ այդ դեպքում ինքն արդեն որոշակի կարգավիճակ կունենա Արցախում՝ իբրեւ Արցախը չլքած, եւ կարող է ինչ-որ դերակատարում ստանձնել։ Թերեւս 7 ամիս անց համոզվել է, որ վերադարձ չկա, ուստի որոշել է տեղափոխվել:
Ամուսինները, որ այս ամիսներին Արցախում բնակվում էին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավոր-սանիկական կապեր ունեն, վերջին ամիսներին հարազատների հետ հաղորդակցության խնդիր են ունեցել: Վերջին անգամ մեկ ամիս առաջ են կապ հաստատել՝ հայտնելով, որ ինտերնետ կապի խնդիր կա Ստեփանակերտում: Բայց հարազատների համար էլ է անսպասելի եղել, երբ իմացել են, որ Գալստյանը սահմանն անցել է եւ Հայաստանում կալանավորվել։
Ի դեպ, արցախցիների շրջանում կան խոսակցություններ, որ այնտեղ մնացած հատուկենտ հայերին ադրբեջանցիները լավ չեն վերաբերվում՝ ծաղրում են, սադրում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, ռեպո համաձայնագրերի ընդհանուր արժեքը հունվար ամսին կազմել է 3 մլրդ 353 մլն դրամ։
Մեկ ամսում 3 մլրդ դրամ գումարները օգտագործվել են գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համար, անտառային տնտեսության եւ փայտամթերումների, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման եւ այլ ծառայությունների համար։
Գարնանային հողագործական աշխատանքների բացվելուն պես գյուղատնտեսության եւ բուսաբուծության համար վարկերի շեմը կտրուկ բարձրանում է։ Օրինակ՝ 2023 թվականի մայիսին այն կազմել է 194 մլն 674 հազար դրամ։
ՀՀ-ում, ըստ Կենտրոնական բանկի, բուսաբուծության զարգացման համար 2024 թվականի հունվարին ձեւակերպվել է 37 մլն դրամ վարկ, իսկ անասնապահության զարգացման համար՝ 3 մլն 901 հազար դրամ։
Պետությունն ամեն տարի գյուղատնտեսությունը զարգացնող նոր նախագծեր է նախաձեռնում, սակայն ամեն տարի գյուղատնտեսները բախվում են ավելի ու ավելի լուրջ խնդիրների։
Տարեվերջին գյուղատնտեսների առաջ լճացում անունով պատ է ձեւավորվում, բերքը սակավ վաճառքի պատճառով նեխում է պահեստներում, իսկ պետությունից այդպես էլ ոչ մի արձագանք չեն ստանում։
Շատ հեռուն չգնանք․ հիշենք, որ գրեթե մեկ ամիս առաջ Մարտունի-Երեւան ավտոճանապարհը փակած գյուղատնտեսները բողոքում էին, որ կարտոֆիլը պատշաճ կերպով չի իրացվում Հայաստանում՝ մեղադրելով իշխանություններին, թե խոշոր խաղացողները կարտոֆիլ ներկրում են Հայաստան՝ անտեսելով սեփական շուկան։ Իշխանության «սրտի» օլիգարխները սեփական բիզնեսը առաջ տանելու համար անցել են գյուղացու կողմը։
Ինչեւէ, վարկով եւ հույսով ցանված բերքը հողում է, սակայն հողից դուրս բերքի ապագան անհայտ է՝ կա՛մ կնեխի, կա՛մ կվաճառվի որպես անասնակեր։
Իշխանությունը մարտունեցիների բողոքին արձագանք չտվեց, թեպետ մարզպետը, ըստ գյուղացիների, խոստումներ է տվել։ Ինչպես յուրաքանչյուր պետականաստեղծ աշխատանքի, այս դեպքում եւս իշխանությունը բացահայտ անտարբերություն է ցուցաբերում»: