Կարմիր գծերի վճարը թանկացնելը կանխելու մեկ ճանապարհ կա, Իրավիճակը գնալով թեժանում է. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը վճռորոշ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ օրակարգում մայրաքաղաքի բյուջեն է ընդգրկված, այլեւ աղմկահարույց մի շարք նախագծեր, այդ թվում՝ տխրահռչակ կարմիր գծերով առանձնացված ավտոկայանատեղիների գներն ավելի քան 13 անգամ թանկացնելու նախագիծը։
Եվ չնայած ավագանու ընդդիմադիր անդամների՝ այդ նախագծի վերաբերյալ քննադատություններին, այն տապալելու, չընդունելու մեկ ճանապարհ կա՝ միասնական բոյկոտը, այլապես նրանք կիսելու են ՔՊ-ի հետ պատասխանատվությունը:
Երեւանի իշխանությունները՝ ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան, ինչպես հայտնի է, չունեն ձայների մեծամասնություն՝ քվորումի եւ նիստ գումարելու համար, ուստի եթե բոլոր մյուս ուժերը միասնական կերպով չներկայանան այդ նիստին, քվորում չի ապահովվի, եւ նիստը չի կայանա:
Սակայն եթե ավագանու գեթ 1 ընդդիմադիր անդամ ներկա գտնվի նիստին, այն կկայանա, եւ կարեւոր չէ՝ այդ «ընդդիմադիրը» դեմ կքվեարկի, չի քվեարկի, թե կողմ կլինի: Նա միայն իր մասնակցությամբ կօգնի, որ իշխանությունն անցկացնի այդ չարաբաստիկ փոփոխությունը եւ մեծ տուրք դնի երեւանցիների վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարությունը 753 հազար 150 դրամ արժողությամբ գինիներ եւ կոնյակներ է գնել։
ՆԳՆ-ն ներկայացրել է տեխնիկական բնութագիր. կոնյակները եղել են 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակ (12 հատ)։ Գինիները, սակայն, «Զորահ ոսկի» պետք է լինեն եւ պատրաստված լինեն 50% Ոսկեհատ եւ 50% Գառան դմակ խաղողի տեսակներից 2 հատ։
Հաջորդ գնումը կատարվել է 10 տարի հնեցմամբ «Ախթամար» կոնյակի ձեռք բերման համար։ Ըստ տեխնիկական բնութագրի՝ կոնյակի գույնը պետք է լինի հիասքանչ սաթյա գույն, որն ունի պղնձային գունախաղ, բույրը՝ աշխույժ եւ նրբագեղ։
Կոնյակների քանակը 12-ն է։
Ձեռք է բերվել եւս 10 կարմիր կիսաչոր գինի՝ «Կարաս» ապրանքանիշի։
20 տարվա հնեցմամբ 3 հատ «Նաիրի» կոնյակը ՆԳՆ-ի համար արժեցել է 105 հազար 750 դրամ։
Գնումները կատարված է մեկ անձից գնման ընթացակարգով «Ագուլիս-Մեկ» ՍՊԸ-ից։
ՀՀ հանրային իշխանությունները սովորություն են դարձրել կոնյակներ գնելը, այն էլ՝ ոչ թե արտադրողից, այլ այն կազմակերպությունից, որը վերավաճառում է խմիչքները, ինչպես, օրինակ, «Վինո-Վինո» ՍՊԸ-ի դեպքում է։
Հավելենք նաեւ, որ խմիչքներ գնելու դեպքում, եթե գնում կատարվեր հենց արտադրողից, գուցե ավելի էժան կլիներ նախարարության համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրից հետո ՔՊ վարչության փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում ընդունել են համայնքների ՔՊ-ական ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել գրեթե բոլորը, հանդիպման նպատակը համայնքի ղեկավարների աշխատավարձերի բարձրացման թեման է եղել։ Իշխանությունը որոշել է ընտրությունների շեմին բարելավել պոտենցիալ ձայն բերողների սոցիալական վիճակը:
Գրասենյակում 2 ժամից ավելի քննարկել են աշխատավարձերի բարձրացման հարցը, ասվել է, որ եթե համայնքային բյուջեն տալիս է նման հնարավորություն, ապա կարելի է բարձրացումների գնալ։ Արթիկի ղեկավար Անանիկ Ոսկանյանն առաջարկել է համայնքի ղեկավարների աշխատավարձերը գրեթե կրկնակի բարձրացնել՝ դարձնելով 800 հազար դրամ։
Կարծիքներ են հնչել նաեւ, որ միայն համայնքի ղեկավարներով խնդիրը չի լուծվի, պետք է նաեւ վարչական շրջանների ներկայացուցիչների աշխատավարձերը բարձրանան` նրանք հիմա միջինը 150 հազար դրամ են ստանում: ՔՊ-ականները համայնքապետերին խոստացել են հաշվարկել միջոցները եւ հասկանալ՝ ում աշխատավարձն ինչ չափով կարող են բարձրացնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը 2023 թվականի ընթացքում էլեկտրոնային աճուրդ եւ «Գնանշման հարցում» գնման ընթացակարգերով ձեռք է բերել կահույք, խորհրդակցությունների սենյակի կահույք եւ ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար փափուկ կահույք։ Նշված գնումների գործընթացների արժեքը կազմել է 7 մլն 810 հազար դրամ։
Սրան զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ Ազգային ժողովի 334 սենյակի կահույքը գտնվում է անմխիթար վիճակում։ Նիստերի սենյակի սեղանները քերված են, մաշված, աթոռները՝ հնամաշ, քանդված կարերով:
Եւ ստացվում է, որ Ազգային ժողովը զվարճանքների եւ տուրիստական այցերի համար պետբյուջեում միլիոններ ունի, սակայն 334 սենյակը մաշվում ու մաշվում է:
ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ-ի բակում սրճարան է կառուցվում, ընդ որում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ցուցումով դեկտեմբերյան ցրտին սալիկապատում են սրճարանի ճեմուղին»։