Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց։ Նա ազատ արձակվեց 5 միլիոն գրավի դիմաց։
Հունվարի 12-ին հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել մոտ 10 անձի միջև։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանն ատրճանակից օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են կանգնեցնել նրան ու ձեռքից վերցնել ատրճանակը, արձակել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը։
2024թ. հունվարի 13-ին Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Այս գործով ևս 3 անձ կալանավորված է։