Այս փուլում Ռուբեն Վարդանյանի հրաժարականն իրատեսական չէ․ Ժիրայր Ազիզյան

Այս փուլում Ռուբեն Վարդանյանի հրաժարականն իրատեսական չէ․ Ժիրայր Ազիզյան

Արցախում հումանիտար ճգնաժամի ֆոնին չեն դադարում նաև ներքաղաքական ինտրիգները։

Թե ի՞նչ է կատարվում Արցախում և ի՞նչ սպասել, MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանեց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական դաշտում։ 

-Կան որոշակի հարցեր, որոնց շուրջ կան տարակարծություններ, բայց, այնուամենայնիվ, գլոբալ հարցերի վերաբերյալ դիրքորոշումները նույնական են, ուստի կարծում եմ, որ Արցախում կարելի է գալ քաղաքական կոնսենսուսի։ 

-Նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին հանդես է գալու ուղերձով։ Ի՞նչ սպասել՝ հաշվի առնելով, որ Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվել այն մասով, թե ինչ է լինելու, երբ նախահագը հրաժարական տա։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ Հարությունյանը պատրաստվում է հրաժարական տալ կամ առհասարակ՝ Արցախում հրաժարականների շարանի «հոտ» գալիս է։ 

-Ոչ թե սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվել, այլ ընդամենը մի կետի մասին է խոսքը. նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նոր ընտրության կազմակերպման անհնարինության դեպքում ԱԺ կողմից ժամանակավոր նախագահի ընտրությունը պայմանավորված է ֆորսմաժորային իրավիճակից խուսափելու անհրաժեշտությամբ։ Սահմանադրաիրավական կարգավորումների միջոցով պետական ինստիտուտների, առավել ևս նախագահի ինստիտուտի անձեռնմխելիության երաշխավորությունը բխում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության կայացման և միջազգային ճանաչման հրամայականից։ 
Ինչ վերաբերում է գործող նախագահի հրաժարականի հետ կապված ասեկոսեներին, ապա այդ մասով պաշտոնական հայտարարություն էր տարածվել, որով հերքվում էր տեղեկատվությունը, իսկ նախատեսվող ուղերձը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ստեղծված ճգնաժամային իրավիճակով։ 

-Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հրժարականի մասին ևս լուրեր կան, սա որքանո՞վ է մոտ իրականությանը։ 

-Կարծում եմ այս փուլում դա իրատեսական չէ, քանի որ նման որոշման հիմքում պետք է օբյեկտիվ հանգամանքներ լինեն, արդյո՞ք մենք այդ որոշման արդյունքում ստանալու ենք որոշակի կոնկրետ խնդիրների լուծումներ, չեմ կարծում։ 

-Ինչպե՞ս կգնահատեք մյունխենյան հանդիպումը։ Ալիևի հայտարարություններն ինչպե՞ս կանդրադառնան Արցախի ապագայի վրա։ 

-Բաքվի հռետորաբանությունը չի փոխվել և դա պայմանավորված է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հետաքրքրվածության աճով, դրանով է պայմանավորված նաև միջազգային հանրության կողմից Արցախում Բաքվի հանցավոր վարչակարգի կողմից իրականացվող գործողությունների հանդեպ ոչ համարժեք քայլերի տրամաբանությունը։ Ցավոք սրտի, նման պայմաններում միջազգային հանրության կողմից անգործությունը կանաչ լույսի էֆեկտ կարող է ունենալ Ալիևի համար՝ նոր հանցավոր գործունեությունների իրականացման առումով։

Լիաննա Թորոսյան