Հայկ Մարությանի թիմը բացառում է կոալիցիան ՔՊ-ի հետ 

Հայկ Մարությանի թիմը բացառում է կոալիցիան ՔՊ-ի հետ 

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը երեկ հայտարարեց, որ  մասնակցելու է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։

Նա գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։ 

MediaHub-ը կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ով է լինելու ցուցակի երկրորդ համարը, վերջինս պատասխանեց, որ հենց ինքն է։

Հարցին, թե արդյո՞ք Հայկ Մարությանի հետ ընտրություններին գնալը միանշանակ է ընդունվել կուսակցության բոլոր անդամների կողմից, Գրիգորյանը պատասխանեց․

«Համագործակցությունն արդեն մի քանիս առաջ էր հաստատվել և բնականաբար երկու թիմերում այդ որոշումը վաղուց ընդունվել էր»։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք թիմը այլ ուժերի հետ կոալիցիա կազմելը հավանական է համարում, զրուցակիցը արձագանքեց․ 

«Այս պահին կոալիցիոն որևէ համագործակցություն կամ դրա հավանականություն չկա որևէ ուժի հետ։ Իշխող ուժի՝ ՔՊ-ի հետ, բնականաբար, սա բացառվում է, եթե դա նկատի ունեք»։

Հիշեցնենք, որ երեկ  Մարությանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել էր, որ  վերջին շրջանում տարբեր վայրերում իրեն են մոտենում քաղաքացիներ և հարցնում՝ արդյո՞ք Երևանի քաղաքապետի ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը։

«Մեր թիմը չունի մեծ գումարներ, սեփական օլիգարխներ, լրատվամիջոցներ, վարչական լծակներ։ Մեր միակ հարստությունը դուք եք, երևանցիներ։ Մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի և պատահական մարդիկ, միակ որոշողը դուք եք»,- ասել էր նա։ 

Լիաննա Թորոսյան