Մեծ Շենում դեղորայքի խնդիր կա․ մարդկանց մոտ պաշարը վերջանում է․ գյուղապետ

Մեծ Շենում դեղորայքի խնդիր կա․ մարդկանց մոտ պաշարը վերջանում է․ գյուղապետ

Մեծ Շենում դեղորայքի խնդիր կա, մարդիկ հիմնականում դեղորքայքն առնում էին մի քանի օրվա համար, հիմա դրանք  վերջանում  են։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավիդյանը։

«Ընդհանուր, խաղաղ է գյուղում։ Սննդի խնդիր չունենք, գյուղացին միշտ իր պաշարն ունի, յոլլա կգնան։ Գյուղում դեղատուն չկա, հիմնականում կա՛մ Ստեփանակերտից էին առնում, կա՛մ Գորիսից, հիմա ո՛չ այն տարբերակը կա, ո՛չ էլ այն»,-ասաց նա։

Գյուղապետի փոխանցմամբ՝ տեղեկացել են, որ այսօր ժամը 15։00-ին բանակցություններ են լինելու։ 

«Մեր իշխանություններն ասացին, որ հանդիպումներ են լինելու, որից հետո կասեն, թե ինչ է լինելու»։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները:

Լիաննա Թորոսյան