Բավականին սահմանափակ ռեսուրսներ ունենք, բայց պատրաստ ենք նոր սադրանքներին դիմակայել․ արցախցի պատգամավոր

Բավականին սահմանափակ ռեսուրսներ ունենք, բայց պատրաստ ենք նոր սադրանքներին դիմակայել․ արցախցի պատգամավոր

Բաքուն երեկ զրահատանկային ստորաբաժանումներ է ուղարկել Հայաստանի հետ սահման։ Վերջին ժամերին էլ Բաքուն շարունակում է զորքերի կուտակումը՝ Արցախի և մասնավորապես՝ Լաչինի շրջանում։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները:

MediaHub-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը նշեց, որ ադրբեջանական մամուլն էլ գրում է, թե Հայաստանն է ուժեր կուտակել Լաչինի ուղղությամբ՝ պատրաստվելով լայնածավալ սադրանքի։

«Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքեց, այս տեղեկությունները և բնականաբար, ես հակված եմ հայկական պաշտոնական լրահոսին հավատալ: Իհարկե, Արցախում պահպանվում է լարված վիճակը, քանի որ արդեն 122-րդ օրն է շրջափակման մեջ է Արցախը և բոլոր սադրանքները, որոնք տեղի են ունենում նաև Հայաստանում, մեզ մոտ էմոցիոնալ ֆոնով են ընկալվում, որովհետև մեկ ժողովուրդ ենք։ Վախի մթնոլորտ ասվածը հիմա մեզ համար մի փոքր այլ ընկալում ունի, քանի որ որոշակի իմունիտետ ենք ձեռք բերել 2020 թվականից հետո՝ Ադրբեջանի սադրանքները չեն դադարում»,-ասաց նա։ 

Խոսելով երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպի և այդ ֆոնին թշնամու ուժերի ամրացման մասին, վերջինս նշեց, որ տեղի ունեցածը շատ ցավալի է, և վերջին երեք ամիսների ընթացքում Ադրբեջանը լուրջ տեղեկատվական ֆոն էր նախապատրաստում։ 

«Սա հարիր է ադրբեջանական գործելաոճին, սկզբում տեղեկատվական քարոզարշավ են սկսում, որից հետո էլ գործողությունների են դիմում։ Այնպես չէ, որ միայն Տեղի դեպքերն են, այս երեք ամիսների ընթացքում բազմաթիվ ազդակներ ենք նկատում։ Պետք է հասկանանք, որ բավականին սահմանափակ ռեսուրսներ ունենք, բայց հոգեբանորեն պատրաստ ենք, որ ամեն րոպե նոր սադրանքներ կարող են լինել, որոնց դիմակայել է պետք»,- նշեց Հարությունյանը։ 

Հարցին, թե արդյոք թշնամու կուտակած ուժերը տեսանելի են արցախցիների համար, պատգամավորը պատասխանեց՝ ոչ, քանի որ Շուշիի հատվածում ճանապարհն արգելափակված է, իսկ Լաչին (Բերձոր) քաղաքը 50 կմ հեռու է Ստեփանակերտից։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը երեկ կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, ժամը 08-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն։

«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի։ Երեկ վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի փոփոխություն այս պահի դրությամբ չկա՝ 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր», - ասված է հաղորդագրության մեջ։

Լիաննա Թորոսյան