ԿԲ-ն որոշակի վախկոտություն է դրսևորում․ դա կարող է պայմանավորված լինել և պատասխանատվությունից խոսափելու և քննադատություններից զերծ մնալու համար․ Նաիրի Սարգսյան

ԿԲ-ն որոշակի վախկոտություն է դրսևորում․ դա կարող է պայմանավորված լինել և պատասխանատվությունից խոսափելու և քննադատություններից զերծ մնալու համար․ Նաիրի Սարգսյան

Հայկական արտադրանքն արդեն դրսում մրցունակ չի դառնալու և արտահանողները բարդությունների առաջ են կանգնելու և սա նշանակում է, որ ապագայում լուրջ վնասներ ենք կրելու, ստացվում է՝ մոտ 10 տարի անհրաժեշտ է, որ այդ արտահանողները կարողանան իրենց ողնաշարն ուղղել։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ խոսելով եվրոյի ու ԱՄՆ դոլարի փոխարժեքների հավասարվելու մասին։

Նշենք, որ ըստ ԿԲ-ի հրապարակած տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 411.84 դրամ, եվրոյի փոխարժեքը կազմել է 414.23 դրամ։ Սարգսյանը նշեց՝ ռուս-ուկրաինական հակամարտության գործոնն ակնհայտ է։ «Սանկցիաների պատճառով եվրոպական շատ ապրանքներ սկսեցին ավելի քիչ արտահանվել աշխարհ, ինչպես նաև` Ռուսաստանից ներմուծվող ռեսուրսները թանկացան նրանց համար, ակնհայտ էր, որ Եվրոպան ավելի շատ պետք է տուժի, քան ԱՄՆ-ն։

Մյուս կողմից էլ՝ Եվրոպական միության տնտեսության շոգեքարշի առևտրային հաշվեկշիռը վերջերս բացասական է դարձել, օրինակ, Գերմանիան ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, սա ևս իր ազդեցությունն ունի փոխարժեքի վրա, նաև չմոռանանք արհեստական բաղադրիչի մասին»,-նշեց նա։ Եվրոյի անկումը ՀՀ-ի վրա ազդեցություն ամեն դեպքում կթողնի, ըստ Աուդիտորների պալատի նախագահի, պետք է հաշվի առնել, թե մեր արտահանումներն ինչպիսի գնանշումներով են կատարվում։ «Եվրոպա արտահանումների մեծ մասն, իհարկե, եվրոյով է և, բնականաբար, արտահանումների վրա բավական լուրջ ազդեցություն է ունենալու, բայց ոչ այն պատճառով, որ հավասարվում է դոլարին, այլ այն պատճառով, որ եվրոն արժեզրկվում է»։

Դիտարկմանը, թե դոլարի անկումից հետո ժողովուրդը փորձեց լուծումը գտնել խնայողությունները եվրոյով դարձնելով, սակայն հիմա նույն պատկերն է կրկվում՝ վերջինս պատասխանեց՝ լուծումը ԿԲ-ի և Կառավարության համատեղ աշխատանքների արդյունքում է լինելու։ «ԿԲ-ն որոշակի վախկոտություն է դրսևորում, ԿԲ-ն նպատակ է դրել պայքարել գնաճի դեմ, սակայն, պարզ ճշմարտություն է, որ աշխարհում դեռ որևէ մեկը չի հիմնավորել, որ  ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույք բարձրացնելով կամ փոխարժեքի վրա չաշխատելով՝ կարող է առաջարկվող գնաճը զսպել․ դա համաշխարհային գործընթացների արդյունքում առաջացող գնաճ է, ոչ թե ՀՀ-ի ներսում պահանջարկով առաջացած գնաճ։ ԿԲ-ն կիրառում է մի գործիքակազմ, որի գործիքը պահանջարկով առաջացած գնաճի դեպքում է ազդեցություն թողնում»,-ասաց Սարգսյանը և հավելեց, որ չի կարող ասել, թե ԿԲ-ի վախերն ինչով են պայամանավորված, դրանք կարող են լինել և պատասխանատվությունից խոսափելու, և քննադատություններից զերծ մնալու համար։

Լիաննա Թորոսյան