ՔՊ-ն հայ-թուրքական հաշտեցումը ցանկանում է «վաճառել» գերտերություններին

ՔՊ-ն հայ-թուրքական հաշտեցումը ցանկանում է «վաճառել» գերտերություններին

Կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը:

ՔՊ-ականները, տեսնելով հայ ժողովրդի ցասումն ու իրական վերաբերմունքը ՔՊ-ի նկատմամբ, ցանկանում են օպերատիվ կերպով հասնել Թուրքիայի հետ խաղաղության հաստատման։ 

Խաղաղության հասնելու համար Անկարայի պայմանները պետք է պարտադիր ապահովվեն` դրանք են՝ Արցախի հանձնում Ադրբեջանին, Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում: Եթե Ռուբինյանը ձգտում է հասնել Թուրքիայի հետ խաղաղության վերոնշյալ նախապայմանները կյանքի կոչելով, ապա դա հայոց պետականության վերջնական անկումն է և Հայաստանի թրքացման մեկնարկը:

ՔՊ-ականները ցանկանում են ամեն գնով բացել հայ-թուրքական սահմանը, կարծես դա նրանք խոստացել են որևէ գերտերության՝ իշխանության մնալու գինը հենց հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցումն է՝ հայկական շահերի հաշվին:

Թուրքիայի համար հայկական փոքր, աղքատ շուկան, տնտեսությունը որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում՝ Հայաստանն Անկարայի համար կարևոր է որպես Մեծ Թուրանի ճանապարհին ընկախ տարածք, «հայկական սեպ», որը նրանք ցանկանում են ամեն գնով չեզոքացնել: Քանի դեռ ՀՀ-ում իշխանության են ՔՊ-ականները՝ Անկարայի և Բաքվի դիրքերը Հարավային Կովկասում միայն ամրապնդվելու են:

ՀՀ-ում իշխանափոխությունը հայոց պետականության փրկության նոր Սարդարապատ է։

ՔՊ-ի համար իշխանության պահպանումը միակ թիրախն է՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցումը նրանք ցանկանում են «վաճառել» գերտերություններին՝ իշխանության մնալու իմունիտետ ստանալու համար:

Վահրամ Բագրատյան