Քոչարյան Անդոն ու Փաշինյան Նիկոլը վաղուց էին հաշվել, Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարի պաշտոնում. Մամուլը՝ սուրճով

Քոչարյան Անդոն ու Փաշինյան Նիկոլը վաղուց էին հաշվել, Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարի պաշտոնում. Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Փաշինյանի կիրակնօրյա գիշերային պաշտոնանկությունները, բայց ոչ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կռվախնձոր դարձած նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար:

Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, որ պատահական չէր նախորդող երկու օրերին Քոչարյան Անդրանիկի հեգնախառը արտահայտությունները՝ իր պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնող ՔՊ-ականների վերաբերյալ:

Ասում են, թե նա իրեն հավատարիմ պատգամավորների նեղ «կռուգում» մոտավորապես նշել է հետեւյալը՝ թող մի քիչ էլ ծիծաղեն, ճտերն աշնանն են հաշվում:

Ըստ էության, ՔՊ-ում համոզված են, որ Քոչարյան Անդոն ու Փաշինյան Նիկոլը վաղուց էին հաշվել, թե ովքեր են լինելու «մատաղացու» պաշտոնյաները

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բազմապրոֆիլ նախարար Գնել Սանոսյանը մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, բայց Փաշինյանը անձամբ չի պահանջել հրաժարականի դիմում գրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարար Սանոսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ է զանգահարել եւ տեղեկացրել, որ Փաշինյանը պահանջում է ինքնակամ ազատման դիմում գրել ու լուռ հեռանալ: Եվ ահա, նախարարը վերցրել է թուղթը եւ ինքնակամ շարադրել, որ ցանկանում է հեռանալ աշխատանքից. թե ինչու պարզ չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով անորոշ վիճակում են հայտնվել Հայաստանի 10 մարզերի մարզպետները, որոնք այս ընթացքում հասցրել էին հարաբերություններ կառուցել Գնել Սանոսյանի հետ: Շատ մարզպետներ սպասում են, թե ով է լինելու նոր նախարարը եւ, ըստ այդմ, ովքեր պետք է ազատման դիմումներ գրեն՝ նաեւ մարզպետների պաշտոններից ազատվելու:

Այնպես որ, պաշտոնանկությունները փոթորկել են նաեւ ՀՀ բոլոր մարզերը»:

 

«Հրապարակը» գրում է․ Հեղափոխական մորուքը սափրելուց մոտ 2 շաբաթ առաջ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ։ Լսել է նրանց կարծիքն ու առաջարկները՝ երբ սափրի մորուսը եւ նախկին խրոխտ հռետոր, իշխանություններին քննադատող ընդդիմադիր ներկայանա հանրությանը։ Առաջարկ է հնչել՝ նման հիշարժան իրադարձությունը թողնել իր 50-ամյակը լրանալու օրվան` 2025 թվականի հունիսի 1-ին, երբ գալիք ընտրությունների քարոզարշավն ավելի մոտ կլինի: Նա կարծես թե համաձայնել է, սակայն ընդամենը օրեր անց, ի զարմանս այդ քննարկման մասնակիցների, Փաշինյանը ներկայացել է «սպիտակամորուսով»։

 

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ երեկ լայնորեն շրջանառվեցին լուրեր, թե աշխատանքից ազատված ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին շուտով նշանակելու են Ներքին գործերի նախարար՝ Վահե Ղազարյանի փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում այլ բանի մասին են փաստում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն որոշված է, որ Ներքին գործերի պաշտոնում կնշանակվի Վահե Ղազարյանի տեղակալ Արփինե Սարգսյանը, ում հնարավոր նշանակման մասին շատ ավելի վաղ էին խոսակցություններ տարածվում»: