Կասկածելի է պայքարը, եթե չի ասվում՝ ովքեր են այս վիճակի մեղավորները․ Դավիթ Գալստյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնող քաղաքացիներին։ Նա հայկական երկրորդ պետությունում վիճակը ծայրահեղ որակեց և մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց միջազգային հանրությանն ու աշխարհին, ոչ արցախցուն վերադարձվի իր բնականոն կյանքը։
Իսկ ի՞նչ գնահատական է տալիս Արցախի նախագահի այդ քայլին ընդդիմությունը։ MediaHub.am-ը զրուցեց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ հանուն Արցախի իրենք պայքարում են ուղիղ հինգ տարի՝ սկսած 2018-ից, և եթե Արայիկ Հարությունյանն էլ է միացել այդ պայքարին, ապա, փաստացի, երկրի նախագահն է սկսել հետևել ընդդիմությանը, ուստի նրան միանալու հարց չկա։
«Եթե դա պայքարի ճանապարհ է, ապա մենք 2018-ից պայքարում ենք Նիկոլի, 2020-ից էլ՝ «նիկոլների» դեմ»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ արվում է հանուն Արցախի, իրենց միանշանակ դրական գնահատականին է արժանանում։
«Մենք եղել ենք պայքարի առաջամարտիկներ, որ պայքարում են դավադիր իշխանության դեմ։ Ու պայքարել ենք հենց այն մարդկանց դեմ, որոնց լեզուներն այսօր պապանձվում է, որ ասեն՝ Արցախը հայկական է։ Ու այս համատեքստում, եթե Արցախի իշխանությունը պայքարում է հանուն Արցախի, բայց հստակ չի ասում մեղավորների անունները, որոնք բերել են մեզ այս վիճակին, մի փոքր կասկածի տեղիք է տալիս այս ամենը»,- ամփոփեց խոսքը Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանին միացել է նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Նարե Գնունի