Կրակոցներ՝ Լոռու մարզում. Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ ժամը՝ 23։15-ի սահմաններում Լոռու մարզում կրակոցներ են հնչել։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Վնասվածք ստացած անձը Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։
Ոստիկաները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում գյուղում համագյուացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի և ևս 1 անձի միջև։ Կայքի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։ Վերջինս վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ով գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինս էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. և Վ. Մաթևոսյաններին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների՝ վիրավոր Է. Մելիքսեթյանը Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու անդամ է։