Այս երկրում որևէ մեկն, ի վերջո, պատասխանատո՞ւ է Սյունիքի համար

Այս երկրում որևէ մեկն, ի վերջո, պատասխանատո՞ւ է Սյունիքի համար

Ադրբեջանցիները ներխուժել են Սյունիքի մարզի Տեղ համայնք։ Մարդկանց ցորենի արտերում են դիրքավորվել, դրոշ դրել, տեխնիկա տեղակայել։ 

Ինչպե՞ս ստացվեց թշնամու առաջխաղացումը, ո՞վ չկանխեց, ո՞վ թերացավ, արդյո՞ք հիմա էլ Տեղի բնակիչներն են շուռնուխցիների բախտին արժանանալու։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ոչ ոք չգիտի, որոնց մասին անընդհատ փորձում ենք տեղեկություն ստանալ, բայց, ցավալիորեն, պատասխան տվող չկա։

«Ոչ մի թիզ ՀՀ սուվերեն տարածքից», «Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ են, որ չեն կարող հատել»․ մի կողմում փաշինյանական այս թեզերն են, մյուս կողմում՝ իրականությունը, որը փաստում է թշնամու՝ ժամ առ ժամ առաջխաղացումը։

Իրավիճակի մասին, ըստ էության, ՀՀ իշխանությունները տեղյակ են։ ՔՊ-ական պատգամավորներն իրավիճակին տիրապետում են, մի քանիսը Սյունիքում են, գիտեն՝ ինչ է կատարվում, բայց պատասխան չունեն, թե ինչպես է թշնամին առաջ եկել։ Միայն հորդորում են՝ դիմել մարզպետարանին, ՊՆ-ին, ցանկացած մեկին, բայց ոչ իրենց։

Մարզպետարանից էլ, ինչպես և սպասվում էր, ոչ մի պատասխան։ Այսինքն՝ պատասխան կա, բայց իրականում՝ ոչնչի մասին։ Այնտեղից էլ հորդորում են Տեղ վարչական շրջանի ղեկավարին դիմել, նրա հետ խոսել, նրանից ինֆորմացիա ստանալ։ Եվ այսպես շարունակ, շղթան երկարում է ինչքան պետք է։ Յուրաքանչյուրն ունի մի կետ, որին ուղղում է սլաքները։

Այսօր ոչ ոք ոչինչ չի ասում, բոլորը լռում են, և ինչպես պրակտիկան է ցույց տալիս, բոլորն այդ մասին կսկսեն խոսել շատ ամիսներ անց, և այդ ժամանակ բոլորը կմեղադրեն Ադրբեջանին՝ իր ապակառուցողական քաղաքականության համար։ Իսկ հիմա մենք փնտրում ենք մեկին, որ պատասխանատու է Սյունիքի համար ու պատրաստ է ներկայացնել, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում։

Նարե Գնունի