Դաժան մարդասպան Մհեր Ենոքյանը հնարավոր է ազատ արձակվի

Դաժան մարդասպան Մհեր Ենոքյանը հնարավոր է ազատ արձակվի

2022 թվականի սեպտեմբերի հայտնի դարձավ, որ համակուրսեցուն դաժանաբար սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է և նա կիսաբաց ռեժիմից տեղափոխվել է ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ, այսինքն` բաց ռեժիմ:

1996թ–ին Երևանում դաժանաբար սպանվել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովը։ Այս սպանությունը ցնցեց Հայաստանը. Իոսիֆի համակուրսեցի Մհեր Ենոքյանն ու քաղաքացի Արամ Հարությունյանը 1996թ. հուլիսի 12-ին, համաձայնության գալով Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 դոլար պահանջելու շուրջ, Աղաջանովին տարել են Հարությունյանի բնակարան, որտեղ առանձին դաժանությամբ սպանել են Աղաջանովին:

Ըստ քրեական գործի՝ մինչ Հարությունյանը բռնել է Իոսիֆի ոտքերը, Մհեր Ենոքյանը մետաղյա գործիքով հարվածել է Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Երբ Իոսիֆը ուշաթափվել է, Ենոքյանի հրահանգով Հարությունյանը կտրել է Իոսիֆի պարանոցը։ Դաժան սպանությունից հետո նրանք դիակը դուրս են տարել, թաքցրել բետոնե հենապատի հետևում և ծածկել քարերով:

Մհեր Ենոքյանը 1996-ին դատապարտվել էր մահապատժի, ապա ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ 

Եվ ահա MediaHub-ին հայտնի դարձավ, որ իրավիճակը կարող է փոխվել և Մհեր Ենոքյանը հայտնվի ազատության մեջ:

Այս մասին ահազանգում է նաև սպանված Իոսիֆի քույրը՝ Ելենա Աղաջանովան.

«Մարտի 20-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա մարդասպան՝ մհեր ենոքյանի, որն ի սկզբանե դատապարտված էր գնդակահարության, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դատական նիստը (հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան 40, դատական նիստերի, թիվ 2 դահլիճ)։ Եվ այսպիսով անարդարությունը շարունակվում է և բազմաթիվ ծանր հանցագործություններ կատարած անձը հնարավոր է լիարժեք ազատության մեջ հայտնվի՝ օրինապաշտ քաղաքացիների կողքին՝ ձեր երեխաների, քույր-եղբայրների, ծնողների անկանխատեսելի հետևանքներով…
Հարգելիներս՝ սա մեր իրականությունն է…»
,- գրել է Աղաջանովան:

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Մհեր Ենոքյանին փորձ է արվում ազատ արձակել: 2019 թվականին դա չհաջողվեց միայն հանրային աղմուկի շնորհիվ, ինչը կանխեց Ենոքյանի ազատ արձակվելը, սակայն հիմա իրավիճակն այլ է՝ Ենոքյանի ազատ արձակվելու մասին որևէ տեղեկատվություն չկա և գործընթացն իրականացվում է «սուս-փուս»։