Իսրայելը հրամայել է Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին հեռանալ առաջիկա 24 ժամվա ընթացքում. ՄԱԿ

ՄԱԿ-ը տեղեկություն է ստացել, որ Իսրայելը հրամայել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներին 24 ժամվա ընթացքում տեղափոխվել անկլավի հարավ: Հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, գրել է BBC-ն։
«ՄԱԿ-ը խստորեն կոչ է անում չեղարկել ցանկացած նման հրաման, եթե հաստատվի, որպեսզի խուսափենք առանց այն էլ ողբերգական իրավիճակը աղետալիի վերածելուց», - ասել է նա:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ հրամանը, որը ընդունվել է ուրբաթ կեսգիշերին մոտ, ազդում է մոտ 1․1 միլիոն մարդու վրա՝ ամբողջ Գազայի հատվածի բնակչության կեսը: Գոտիի հյուսիսում է խիտ բնակեցված Գազա քաղաքը։
Նա ասել է, որ իսրայելական զինվորականները տեղեկացրել են Գազայում աշխատող ՄԱԿ-ի պաշտոնյաներին, որ հրամանը վերաբերում է նաև կազմակերպության բոլոր աշխատակիցներին։
«ՄԱԿ-ը անհնար է համարում, որ նման տեղաշարժը տեղի ունենա առանց ավերիչ հումանիտար հետևանքների», - հավելել է Դյուժարիկը: