TikToker-ի օգտատերերին հրապարակավ մտրակել են

Նիգերիայում TikToker-ի օգտատերերին հրապարակավ մտրակել են Կանո նահանգի նահանգապետի մասին տեսանյութի համար: Դատարանը որոշել է, որ նրանք զրպարտել են նահանգապետին եւ մտրակի 20 հարվածի է դատապարտել. գրում է News.am-ը։
«Նրանք ընդունել են զրպարտության եւ հասարակական անկարգություններ հրահրելու մեղադրանքները: Նրանք նույնիսկ փաստաբանին չեն խնդրել, որ պաշտպանի իրենց»,- CNN-ին ասել է նահանգի դատական իշխանության ներկայացուցիչը:
TikTok-ի տեսանյութն արվել է չորս տարի առաջ եւ միայն վերջերս է հայտնվել համացանցում։
Բացի դատարանի կողմից նշանակված հրապարակային հարվածներից, տղամարդկանց պարտավորեցրել են, որ յուրաքանչյուրը 10 000 նեյրա (մոտ 23 դոլար) տուգանք վճարի եւ 30 օր մաքրի դատարանի տարածքն ու զուգարանները: Նրանց հանձնարարվել է նաեւ նահանգապետից հրապարակային ներողություն խնդրելու տեսանյութ նկարահանել եւ տեղադրել սոցիալական ցանցերում:
Նիգերիայում Amnesty International-ի տնօրեն Օսաի Օջիգոն դատապարտել է այդ որոշումը՝ ասելով, որ «իշխանությանը ծաղրելը հանցագործություն չէ»: