Հելենի մայրն ամեն ինչ կանի, որ դստեր դին Արցախ բերեն․ գյուղապետ

Հելենի մայրն ամեն ինչ կանի, որ դստեր դին Արցախ բերեն․ գյուղապետ

«Ջահել խոխա էր, գյուղում ոչ մեկս տրամադրություն չունենք, ահավոր բան եղավ»․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Մարտունիի շրջանի Ճարտար գյուղի վարչական ղեկավար Վլադիկ Հովհաննիսյանը՝ հիշելով Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով զոհված համագյուղացի 21-ամյա Հելեն Դադայանին։

Հելենը Եվրասիա միջազգային համալսարանում էր սովորում, Արցախի շրջափակման պատճառով ինն ամիս է՝ ընտանիքին չէր տեսել, տրամադրությունը փոխելու համար որոշել էր Արևմտյան Հայաստան գնալ, որտեղից էլ վերադառնալիս ողբերգական դեպքն էր տեղի ունեցել։

Գյուղապետը պատմում է, որ աղջկա դին Արցախ տեղափոխելը բարդ գործընթաց է։

«Մայրը Ստեփանակերտ է գնացել, նպատակասլաց կին է, հաստատ ամեն ինչ անելու է, որ դստեր դին հայրենիք բերի։ Հելենը քույր ու եղբայր ունի, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում են նրանք»,-ասում է գյուղապետը։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել էին «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։ 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում կատարված` Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի  վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:

Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լիաննա Թորոսյան