Ո՞ւր է հանրապետության նախագահը

Ո՞ւր է հանրապետության նախագահը

Այնպես ստացվեց, որ կառավարման նոր համակարգին անցնելուց հետո, երկու նախագաներն էլ՝ պաշտոնը ստանձնելուց հետո բախվեցին ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի հետ։

2018-ին, Արմեն Սարգսյանը հազիվ էր ստանձնել նախագահի պաշտոնը, երբ փողոցում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի շարժումը, որը հետո վերաճեց իշխանափոխության։

Պետք է նկատել, որ հետևողականությամբ աչքի չընկնող Սարգսյանն այդ օրերին անուրանալի դրական դերակատարություն ունեցավ՝ նախագահի ինստիտուտով նպաստելով իշխանության ու ընդդիմության դիալոգին ու, ի վերջո, նպաստելով անցնցում իշխանափոխությանը։

Այսօր՝ Վահագն Խաչատրյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը շաբաթներ անց, Հայաստանում կրկին աննախադեպ քաղաքական ճգնաժամ է։

Նման ֆորս- մաժորային իրավիճակներում առանձնակի քաղաքական ֆունկցիոնալություն ունի նախագահի ինստիտուտը, որը պարտավոր է տարածություն ստեղծել իշխանության ու ընդդիմության դիալոգի համար։ 
Տեղյա՞կ եք` մենք Հանրապետության նախագահ ունե՞նք, ո՞ւր է Վահագն Խաչատրյանը։ Պատասխանը մեզ համար ակնհայտ է՝ Խաչատրյանն իրեն դիրքավորում է՝ որպես Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, ինչի մասին, ի դեպ, նա ակնարկել է անգամ նախագահ ընտրվելուց առաջ։

Երեկ, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն, անդրադառնալով նախագահ Վահագն Խաչատրյանի վարքագծին, գրել է «Կա նախագահ, որի մասին բոլորը մոռացել են. նա ոչինչ չի տեսնում, չի լսում, պոչը քաշած՝ նստել է։ Վահագն Խաչատուրյանն այն մարդն էր, որ 98-ից և հատկապես 2008- ից հետո մեղմ ասած, ընդգծված բացասական վերաբերմունք էր ցուցաբերում պետական համակարգում աշխատող անձանց հանդեպ և կերտել էր  սկզբունքային մարդու համբավ։  Հիմա նա չի տեսնում ուժայինների բորենիությունները, իր ընկեր-թիմակիցների լկտի ողջույնի խոսքերը՝ քացի տվող, հայհոյող բարձրաստիճան իրավապահներին և այլն։ Չի տեսնում ձևավորված ճգնաժամը։  

Եթե այդպես վարվեր սովորական քաղաքացի Վահագն Խաչատուրյանը, կամ նույնիսկ Հայէկոնոմբանկի խորհրդի անդամ Վ. Խաչատուրյանը, դա ներելի էր. կլիներ սովորական կոմֆորմիզմ, որի պակասը չկա։ Բայց երբ այդպես է վարվում նախագահ Խաչատուրյանը, ապա դա ուղիղ պատասխանատվություն է ենթադրում՝ իրավիճակի և հետագա զարգացումների համար։ Լուռումունջությունը չի լինելու արդարացում»։

Դիպուկ է ասված, հավելյալ մեկնաբանություններն ավելորդ են․․․

Վահրամ Բագրատյան