Ինձ համար զարմանալի էր, երբ նախագահն ինձանից ծխախոտ խնդրեց․ այսօր Բակո Սահակյանի ծնունդն է 

Ինձ համար զարմանալի էր, երբ նախագահն ինձանից ծխախոտ խնդրեց․ այսօր Բակո Սահակյանի ծնունդն է 

Արցախի Հանրապետության 3-րդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան 64-ամյա տարեդարձն է այսօր։ Շուտով կլրանա մեկ տարին, որ Սահակյանն Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների հետ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։ 

2023 թվականի սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Արցախի ժողովուրդը հարկադրված բռնեց գաղթի ճամփան դեպի Հայաստանի Հանրապետություն, հոկտեմբերի 3-ին Բակո Սահակյանն Արցախի նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է և Ստեփանակերտից տեղափոխվել Բաքու։ 

Արցախի ղեկավարության և առհասարակ՝ ցանկացած հայի գտնվելը Բաքվի բանտում մեծ ցավ է բոլորիս համար: MediaHub-ը լսել է ստեփանակերտցիների կարծիքները Բակո Սահակյանի մասին. չնայած ստեղծված իրավիճակին, Հայաստանից շնորհավորում և զորակցում են նրան։  

«Բակո Սահակյանի կառավարման տարիներն Արցախի ծաղկունքի տարիներն էին։ Միանշանակ, որևէ մեկը չի կարող հակադարձել։ Նրա ղեկավարման օրոք ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա էր, զարգացում ապրեցին տնտեսության բոլոր ճյուղերը։ Նախագահը մեծ տեղ էր տալիս ծնելիության աճին և ամեն ինչ անում էր այդ ուղղությամբ։ Կապն ուժեղ էր Հայաստանի և Սփյուռքի հետ։ Եվ եթե հիշում եք, հենց Սահակյանի տարիներին զբոսաշրջության ոլորտում աճ արձանագրվեց, իսկ հոգևոր կյանքն ուղղակի վերելք էր ապրում։ Որպես մարդ աննկարագրելի բարի և նախանձելի հիշողություն ունի։ Շնորհավորում եմ, համոզված եմ, որ կգա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բեգլարյանը։

«2016-ին, երբ դեռ զինվոր էի, նոր տարվա գիշերը նախագահը եկավ դիրքեր, խարույկ վառեցինք, նստեցինք շուրջը, շատ անմիջական զրույց սկսվեց։ Հետո զինվորներով երգեցինք։ Ինձ համար զարմանալի էր, երբ ինձանից ծխախոտ խնդրեց։ Այդ օրն այնքան ուրախ էինք, նրա ստորագրությամբ նվերներ ստացանք։ Հիմա շատ դժվար է գիտակցել, որ նա Բաքվում է, առավել դժվար է շատերի համար գիտակցել, թե ինչի համար է այնտեղ։ Կգա ժամանակը, բոլորը կիմանան։  Ինքը ուժեղ մարդ է, վստահ եմ՝ կդիմանա այս փորձություններին, ու մի օր բոլորը կվերադառնան»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Հայրիյանը։ 

Բակո Սահակյանը Արցախը ղեկավարել է 2007 թվականի հուլիսից մինչև 2020 մայիս։ 13 տարիների ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվել հատկապես ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ։ 

«1997 թվականից Շիրակի մարզից ընտանիքով տեղափոխվեցինք Քաշաթաղի շրջան։ Չեմ ուզում հիշել մեր կյանքի տարիները՝ մինչև Բակո Սահակյանի ղեկավարումը։ Կարճ ժամանակում սկսվեց շինարարական եռուզեռ, որպես խրախուսում՝ բազմազավակ ընտանիքները, այդ թվում և ես, նորակառուց բնակարաններ նվեր ստացանք։ Նա մեր ընտանիքի ընկերը դարձավ, հաճախ էր գալիս Քաշաթաղ, մի օր էլ ասաց՝ «Անժել, հենց 10-րդ երեխան ունենաս, խոստանում եմ նոր մանկապարտեզ կառուցել գյուղում, քեզ էլ մեքենա նվիրել»։ Խոսքին տեր մարդ էր։ Ես անձամբ ցավում եմ, որ նա հիմա Ադրբեջանում է։ Աղոթում եմ նրա առողջության համար»,- ասաց Անժելա Սուքիասյանը։ 

Նշենք, որ Արցախի՝ Ադրբեջանում ապօրինի պահվող ղեկավարության ճակատագրի և կամ հավանական վերադարձի մասին առայժմ որևէ տեղեկություն Բաքուն չի հաղորդում։ Լռում են նաև ՀՀ իշխանությունները...

Հունան Թադևոսյան