Արայիկ Հարությունյանը պետք է կալանավորվի. Նաիրա Զոհրաբյան

Արայիկ Հարությունյանը պետք է կալանավորվի. Նաիրա Զոհրաբյան

Ինչպես հայտնի է, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին: Ըստ էության, այն անակնկալ չէր, քանի որ վերջին օրերին բազմիցս արծարծվել է այս հարցը: Բայց որքանո՞վ է այն այս պահին ընկալելի, արդյոք ավելի շատ խնդիրներ իր մեջ չի պարունակում. Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

- Տիկին Զոհրաբյան, արդյոք Արայիկ Հարությունյանի հրաժարականը իր մեջ ավելի մեծ վտանգներ չի պարունակում, քան իր՝ Արցախի ղեկին մնալը: 

- Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել արցախցիների և Արցախի քաղաքական էլիտաի, քաղաքական ուժերի համատեղ որոշման և համատեղ կոնսենսուսի արդյունքում: Իհարկե, Արայիկ Հարությունյանին Նիկոլ Փաշինյանը արգելել է առնվազն մինչև սեպտեմբերի 17-ը՝ Երևանի ավագանու ընտրությունները հրաժարական տալ: Եվ պատահական չէ, որ երբ մամուլում տեղեկատվությունը հայտնվեց Ռուբեն Վարդանյանի կողմից, որ Արայիկ Հարությունյանը խոստացավ և չտվեց հրաժարական, նրան արգելել էր հրաժարական տալ Նիկոլ Փաշինյանը: Բայց այս անգամ Արայիկ Հարությունյանը ուղղակի այլևս չէր կարող հրաժարական չտար: 

Ես կարծում եմ վաղը, երբ պաշտոնապես Արայիկ Հարությունյանը հրաժարականը կներկայացնի, նա ԱԱԾ-ի կողմից պիտի կալանավորվի որպես Արցախյան երկրորդ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հետ միասին և հավասարազոր պատասխանատու և մեղավոր: 

Պարտված ղեկավարը, պարտության խորհրդանիշներից մեկը չի կարող պաշտոնավարել: Արայիկ Հարությունյանը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կցորդ ֆայլն է: Նա չի կարող չսպասարկել Նիկոլ Փաշինյանի տված օրակարգը: Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմանտների բավականաչափ լայն փաթեթ ունի Արայիկ Հարությունյանի վրա և պատահական չէ, որ պարբերաբար ակնարկում է Արցախի քաղաքական էլիտայի Երևանում, Հայաստանում ունեցած սեփականությունների մասով: Ուստի Արայիկ Հարությունյանն այլ տարբերակ չուներ, քան հրաժարական ներկայացնելն է: Այդ հրաժարականը ճիշտ էր, որովհետև Արցախին այսօր պետք է ղեկավար, որը կհրաժարվի սպասարկել Ալիև-Փաշինյան օրակարգը: Արայիկ Հարությունյանն այդ օրակարգը չսպասարկել չէր կարող, որովհետև ինքը այդ օրակարգի կրողներից մեկն էր: 

-Մտավախություն չունեք, որ սա ևս ինչ-որ սցենար է, որով Արցախում, հումանիտար ճգնաժամին զուգահեռ, նաև ինստիտուցիոնալ ճգնաժամ կզարգանա , ինչը հենց Ադրբեջանի օգտին է: 

- Եթե Արցախի խորհրդարանը օրընսդրությունը փոխած չլիներ և Արցախի հաջորդ նախագահի ընտրությունը լիներ համաժողովրդական ընտրության տարբերակով, այստեղ ես իհարկե մտավախություն կունենայի, որ Ադրբեջանը կգնա կոպտագույն սադրանքների և թույլ չի տա, որ Արցախում տեղի ունենան նախագահական ընտրություններ: Բայց Արցախի նախագահին այլև, ինչպես Հայաստանում, ընտրելու է խորհրդարանը: Ես վստահ եմ, որ խորհրդակցելով բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև Արցախի նախկին նախագահների, ինչու ոչ ՝ Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահների հետ, Արցախի խորհրդարանը ճիշտ որոշում կկայացնի, ընտրելով այնպիսի ղեկավարի, որը կհրաժարվի սպասարկել Ալիև-Փաշինյան տանդեմի օրակարգը: Որովհետև այն ֆեյք սպառնալիքը, որով Նիկոլը փորձում է Արցախին սպառնալ, թե Հայաստանի պետական բյուջեից այսքան փող ենք տալիս, դա ֆեյք սպառնալիք է. Նիկոլ Փաշինյանը Ենոքավանից չի բերել Հայաստանի պետական բյուջեն: Իսկ ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները կողմ են, որ իրենց հարկերից ձևավորվող գումարը գնա Արցախի մեր հայրենակիցներին:

-Արայիկ Հարությունյանի հրաժարականը ո՞ւմ է ձեռնտու: Ինչու հենց հիմա, ովքե՞ր են սրա հետևում կանգնած:

-Իհարկե, վիճակը Արցախում ճգնաժամային է, ծայրահեղ լարված և առաջիկա օրերը ու քաղաքական ուժերի համախմբածությունը շատ բան կարող են որոշել: Բայց ես վստահ եմ՝ ինչպես Արցախը այս 8 ամիսներում չի կոտրվում, ինչն ուղղակի դուրս էր Նիկոլ-Ալիև-Արայիկ Հարությունյան ծրագրերի օրակարգից,  որովհետև նրանց ծրագիրն այն էր, որ 2-3 ամսում արցախցուն կկոտրեն, ես վստահ եմ, որ ինչպես արցախցին չկոտրվեց, առաջիկա մեկ շաբաթը, որ իսկապես շատ վճռորոշ է լինելու, Արցախը կկարողանա, Արցախի քաղաքական ուժերը կկարողանան ճիշտ որոշում կայացնել, ճիշտ լուծումներ գտնել և փորձել բանակցությունների արժանապատիվ և հայկական օրակարգ ձևավորել, ինչը, ցավոք, պատերազմից հետո չի եղել: Պատերազմից հետո մշտապես, ըստ էության, սպասարկվել է ադրբեջանական օրակարգը կամ փորձ է արվել ինչ-որ վախվորած պատասխաններ տալ ադրբեջանական օրակարգին:

 

Գեղեցիկ Մանուկյան