Նպատակահարմար չենք համարում խոսել քննարկվելիք հարցերի մասին․ Սամվել Շահրամանյան

Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
Նախորդ ամիս ԼՂ ներկայացուցիչներ էին նշանակվել Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանն ու «Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը, որն օրերս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
MediaHub-ը կապ հաստատեց Սամվել Շահրամանյանի հետ, պարզելու, թե ինչ հարցերի շուրջ են լինելու քննարկումները, սակայն վերջինս հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։
«Ես որևէ հարցի չեմ պատասխանելու, նպատակահարմար չենք համարում խոսել այս մասին»,-ասաց նա։
Թե ով է Մարտիրոսյանից հետո երկորդ բանակցողը, ԱԽ քարտուղարը կրկին անպատասխան թողեց հարցը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ավելի վաղ հայտարարություն էր տարածել, թե առաջարկում են, որ Ղարաբաղի ներկայացուցիչներն ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնեն Բաքվում՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Ղարաբաղում։
Լիաննա Թորոսյան