Աղջիկս ուրախ-զվարթ 900 գրամ շաքարավազը բերեց, թե` երեխեքս 2 օր թեյը քաղցր կխմեն

Աղջիկս ուրախ-զվարթ 900 գրամ շաքարավազը բերեց, թե` երեխեքս 2 օր թեյը քաղցր կխմեն

«Է, բալաս, վեց անչափահաս իմ տանն ա, հինգ անչափահաս էլ՝ կողքի՝ աղջկաս տանը»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմում է արցախցի տիկին Ալվարդ Հակոբյանը։

Բլոկադայի ընթացքում կյանքի պայմանների մասին տասնմեկ թոռների տատը չգիտի՝ ինչպես խոսել։ Միակ բառը, որ իրավիճակը բնութագրելու համար ասում է՝ «դժվարն» է, բայց դա էլ վիճակը նկարագրելու համար շատ թույլ է։

«Մեծերիս դեպքում խնդիրը մի քիչ ուրիշ է, մենք գիտակցում ենք՝ ինչ է կատարվում, բայց երեխաներին ո՞նց բացատրենք։ Գալիս է, տատիկ, գոնե կես կոնֆետ տուր։ Երեկ թոռնուհիս ասում է՝ էլ չեմ դիմանում, բերանս դառնացել ա։ Ասում եմ՝ իմ աղջիկ, ի՞նչ ա եղել, ի՞նչ տամ ուտես, ատամ ունե՞ս փչացած, ասում ա՝ չէ, տատիկ, այ, որ մի կոնֆետ ուտեմ, կդզվեմ։ Մի հատ կոնֆետ ճարեցի, տվեցի։ Մնաց-մնաց, մի երկու ժամ հետո նորից եկավ՝ տատիկ, ոնց որ բերանս էլի դառնանում ա։ Էն աստիճանի հասա, որ սկսեցի երեխայի պես լացել»,- նեղսրտած պատմում է տիկին Ալվարդը։

Նրա բազմանդամ՝ 11 հոգանոց ընտանիքը ինչ-որ կերպ կարողանում է ապրել, դա էլ տիկին Ալվարդի հեռատեսության շնորհիվ։ Կինը խանութում է աշխատում, և միշտ իր «պուճախը» լիքն է պահել, նեղ օրվա համար։ 

«Ես խանութում եմ աշխատում, գոնե բան-ման կարողացել եմ պահել։ Երեկ տղայիս հետ մտել ենք խանութ, ասում ա՝ մամ, մի հատ էդ «դախլի» տակ նայի, կարո՞ղ ա մի հատ պապիրոս լինի։ Հետո իմ տեսողությանը չվստահեց, եկավ, ինքը չոքեց, սկսեց պապիրոս ման գալ։ Մի հատ սոխ գտավ «դախլի» տակից, 36 տարեկան տղա ա, տեսնեիք՝ ո՜նց ուրախացավ։ Ասացի, բալաս, դա էլ քրոջդ կտանք, թող ունենան, ասում ա՝ ես չոքեմ գտնեմ, քրոջս տա՞նք։ Ասում եմ՝ մենք բանջարանոց ունենք, սոխ մեր տանը կճարվի»,- հոգում եղած ցավից փոքր-ինչ կտրվելով պատմեց տիկին Ալվարդը։

Հիմա բազմաթոռ տատը հասկանում է՝ ինչ էր զգում իր տատը, երբ Հայրենական պատերազմի, իրենց կրած զրկանքների ու սոված օրերի մասին էր պատմում։

«Այդ ժամանակ ասում էի՝ տատ, դու մեզ պատմում ես, բա մենք ի՞նչ ենք պատմելու մեր թոռներին։ Հիմա էդ ամենը մենք ապրում ենք, ինչ տատս պատմում էր, մեր մաշկի վրա ենք զգում։ Ուղղակի մեր թոռները ոչ թե մեր պատմածից են  լսում  այդ ամենի մասին, այլ՝ ապրում են մեզ հետ այդ ցավը»,- նշեց տիկին Ալվարդը։ 

Արցախցի կինը խոստովանում է. թոռներն՝ իրենց մանկության շրջանում ավելի ծանր օրեր են ապրում, քան իրենք են ապրել։

«Մեր ընտանիքին օրը երեք հաց է հասնում, դրանով որի՞ն կշտացնես։ Էլի, պահածս ալյուրով էլ օրը մեջ մի երկու հաց եմ թխում, որ գոնե երեխեքը սոված չքնեն»,- ասաց նա։

Տիկին Ալվարդի ընտանիքն օգտվում է նաև բազմազավակ ընտանիքների համար նախատեսված աջակցություններից։

«Երեկ զանգեցին, թե օգնություն ունեք, եկեք տարեք։ Աղջիկս երեխաներին թողեց իմ մոտ, գնաց։ 900 գրամ շաքարավազ էին տվել, երկու կիլոգրամ հաճար։ Աղջիկս շոգած, բայց ուրախ-ուրախ եկավ։ Ասում եմ՝ գյուղի մի ծայրից մյուսն էս արևի տակով գնացիր, որ 900 գրամ շաքարավազ բերե՞ս։ Ասում ա՝ մամ, դա էլ չունենք թեյի համար, երեխեքը գոնե երկու օր քաղցր թեյ կխմեն»,- ծիծաղելով պատմում է տիկին Ալվարդը, ապա լռում ու դառնացած ամփոփում խոսքը՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչից ենք ուրախանում, ոնց ենք ապրում։

 

Նարե Գնունի