Սարկիսով, Յուրա, Մարկոս, Մանուչարյան․ Հայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց Վրաստանին

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը։ Մեր ընտրանին խոշոր՝ 4-1 հաշվով հաղթանակ տարավ։
Մեր ֆուտբոլիստները ողջ խաղի ընթացքում շատ ակտիվ էին և առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, ինչն արտացոլվում է նաև խաղի հաշվի մեջ։
Առաջին կեսում Վրաստանի հավաքականը 11-մետրանոցի իրավունք ստացավ, բայց գնդակին մոտեցած խաղացողի հարվածը շատ թույլ էր և թիմերն ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքիով։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 34-րդ րոպեին Արթուր Սարկիսովը բացեց հանդիպման հաշիվը։
Երեք րոպե անց Յուրա Մովսիսյանը Մարկոսի փոխանցումից հետո կրկնապատկեց հանդիպման հաշիվը։
44-րդ րոպեին արդեն Մովսիսյանի փոխանցումից հետո Մարկոսը խփեց մեր թիմի 3-րդ գնդակը՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Մեր ընտրանու դարպասապահ Գևորգ Կասպարովը բազմիցս փրկեց թիմին վերահաս գոլերից։
Վրաստանի հավաքականը, այնուամենայնիվ, կարողացավ գրավել Կասպարովի դարպասը․ 53-րդ րոպեին մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին և գնդակին մոտեցած Իաշվիլին անվրեպ իրացրեց հարվածը։
Սակայն հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Էդգար Մանուչարյանը․ 60-րդ րոպեին Մովսիսյանի փոխանցումից հետո Մանուչարյանը դարպասին մոտ տարածությունից ձախ եզրից գրավեց մրցակցի դարպասը։
Այսպիսով, երկու հավաքականների լեգենդների հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու՝ 4-1 հաշվով հաղթանակով։ Պետք է փաստել, որ մեր տղաները դեռևս պահպանում են լավ մարզավիճակը և կարող են ուրախություն պարգևել երկրպագուներին:
Աղբյուր ArmSport.am