Այդ ապազգայինի մեջ ինձ տեղավորելն առնվազն անազնվություն է. Վարդան Մկրտչյանը հերքում է 

Այդ ապազգայինի մեջ ինձ տեղավորելն առնվազն անազնվություն է. Վարդան Մկրտչյանը հերքում է 

Երեկ MediaHub-ը «Ազգայինը Փաշինյանի կառավարությանը հանգիստ չի տալիս. հասան Սունդուկյանի անվան թատրոնին» վերտառությամբ հրապարակում էր արել, որում գրել էինք, որ մի շարք մշակութային գործիչներ նախորդ շաբաթ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Մեր աղբյուրները նշել էին, որ հանդիպման ընթացքում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն առաջարկել է փոխել իր ղեկավարած թատրոնի անունը։ MediaHub-ը երեկ կապ էր հաստատել Վարդան Մկրտչյանի հետ, որպեսզի ճշտի տեղեկության իսկությունը, որը, սակայն, հրաժարվել էր հեռախոսով հարցազրույց տալուց, փոխարենն առաջարկել, որ երկուշաբթի հանդիպենք ու դեմ առ դեմ հարցազրույց անենք․ առաջարկը մենք ընդունել էինք՝ հստակ որոշմամբ, որ ամբողջապես հրապարակվելու է նաև Վարդան Մկրտչյանի տեսակետը, ինչպես միշտ արել ենք։

Սակայն, նախքան հանդիպումը, մենք այսօր հեռախոսազանգ ստացանք թատրոնի տնօրենից, որը կտրականապես հերքեց մեր աղբյուրի փոխանցած տեղեկատվությունը։ Մենք էլ առաջարկեցինք հրապարակել իր տեսակետը՝ մեկ օր անց:

Ի դեպ, MediaHub-ը երեկ կապ էր հաստատել նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ, որն անգամ չփորձեց լսել, թե ինչ հարցով ենք, այլ անմիջապես անջատեց հեռախոսը՝ տեղեկանալով, որ իրեն լրագրող է զանգահարում: Այլ կերպ ասած, MediaHub-ը թատրոնի ղեկավարներին հնարավորություն տվել էր:

Ստորև ներկայացնում ենք Վարդան Մկչտչյանի հետ մեր զրույցն ու նրա տեսակետը։

«Այո՛, ես եղել եմ այդ հանդիպմանը, դա ինչ-որ հարց չի։ Եվ այն, ինչ տպվել է MediaHub-ում, սուտ է, իրականությանը չի համապատասխանում»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ինքը դեմ չէ ազգայինին, իր պնդմամբ՝ ինքն ազգային մարդ է և ազգայինի թիվ մեկ կողմնակիցն է։

«Դա ընդամենը բաց զրույց է եղել վարչապետի հետ, տարբեր մտքերի փոխանակում։ Ես առաջարկել եմ, որ Սունդուկյան թատրոնի վրա «ազգայինի» կողքին լինի «Հայաստան» բառը, այսինքն՝ պետք է լինի Հայաստանի ազգային ակադեմիական թատրոն։ Այսինքն, ձեր աղբյուրը ստում է, ստի մեջ թաղված է»,- ասաց Մկրտչյանը։

Հրապարակման մեջ գրել էինք, որ իր անունը կապում են այսպես կոչված “սորոսական” թևի հետ: Մկրտչյանը կտրականապես հերքեց նաև սա։

«Կա՛մ հերքեք, որ ես կապ ունեմ «Սորոսի հիմնադրամի հետ», կա՛մ ապացուցեք։ Ինձնից ազգային գործիչ ես չգիտեմ, թե քանի հոգու կարող եք գտնել»,- նկատեց նա։

Թատրոնի տնօրենը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ ինքն առաջարկել է թատրոնի վրա ավելացնել Հայաստան բառը։

«Այն հայը, այն լրատվամիջոցը, որը դեմ է դրան, ուրեմն այդ լրատվամիջոցն է ապազգային, և այդ հայն է ապազգային»,- նկատեց նա։

Նշենք, որ քանի որ հղում էինք արել մեր աղբյուրին, պնդումը մերը չէր, և զանգահարել էինք տնօրենին հենց այդ նպատակով, բայց զրույցը չէր ստացվել, ուստի այս մասով, իհարկե, մենք հերքում ենք մեզ հասած տեղեկատվությունը, քանզի մեզ հետ զրույցում Վարդան Մկրտչյանը հերքեց իր կապն այդ կազմակերպության հետ։

«Հայոց թատերական աշխարհի ազգային հիմքի վրա կանգնած և այդ գիծն առաջ տանող ավելի զորավոր թատերական գործիչներ, չգիտեմ, թե քանիսը կարող եք մատնանշել։ Ու ինձ այդ ապազգայինի մեջ տեղավորելն առնվազն անազնվություն է»,- ամփոփեց խոսքը Վարդան Մկրտչյանը։

Նարե Գնունի