«7-8 տներ դեռևս կանգուն են, մնացած ամեն ինչը քանդել են». Ադրբեջանը ավերել է Արցախի Մոխրենես գյուղը

«7-8 տներ դեռևս կանգուն են, մնացած ամեն ինչը քանդել են». Ադրբեջանը ավերել է Արցախի Մոխրենես գյուղը

Օկուպացված Արցախում ադրբեջանցիները պետական ծրագրով ոչնչացնում են ոչ միայն սրբավայրերն ու ջնջում հայկական հետքը, այլև հիմնահատակ ավերում են բնակավայրերը։ Շուշիի շրջանի Քարինտակ բնակավայրն ամբողջությամբ քանդելուց հետո՝ համաձայն արբանյակային լուսանկարների, այս անգամ ավերվել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից իրենց վերահսկողության տակ գտնվող  Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը: Ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, համայնքապետարանի ու բուժկետի շենքերը, զոհված հերոսների հուշահամալիրը։

«Մոխրենես գյուղը և շրջակայքը հարուստ են հուշարձաններով: Օկուպացիայից 2 տարի անց՝ Ադրբեջանն ավերել էր գյուղի Սուրբ Սարգիս  եկեղեցին։ Տարածքում հաշվառված են ավելի քան 20 հուշարձաններ, այդ թվում՝ հայտնի «Յոթ դռնի» վանքը: Ոչնչացման  գործողությունների հետևանքով ուղղակի վտանգի տակ են հայտնվում գյուղի շրջակայքում գտնվող բոլոր հուշարձանները»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Մոխրենեսի  հիմնական դպրոցի տնօրեն Մանվել Ստեփանյանը:

Հադրութի անկումից հետո մեր զրուցակիցը ցավով է հետևել ադրբեջանական մեդիայում տեղադրվող տեսանյութերին ու արբանյակային լուսանկարներին։ Սակայն, վերջերս հերթական անգամ Google Earth ծրագրով մտել ու տեսել է իր գյուղի 97%-ն ավերված։ 

«Ես միշտ ունեցել եմ այդ վախերը, որ կքանդեն հայկական բնակավայրերը։ Միշտ եղել են զրույցներ, որ Մոխրենեսի ընդերքը հարուստ է ոսկու պաշարով։ Չգիտեմ, գուցե հենց դա՞ է պատճառը, որ գյուղի ժայռոտ մասը ավիրել են՝ ուսումնասիրություններ սկսելու նպատակով։ Իսկ ահա ձախաթևյան հատվածը՝ 7-8 տներով դեռևս կանգուն է։ Եվս մեկ տուն չի ավերվել գյուղի կենտրոնում։ Մնացած ամեն ինչը քանդել են»,-ասաց նա։ 

Ստեփանյանը վստահ է, որ գյուղի ավերումը միտումնավոր գործողությունների հետևանք է:

«Դրանով նրանք վերահաստատել են իրենց միտքը, որ հնարավոր չէ հայերի հետ ապրել համակեցությամբ։ Այսինքն, կարող են խոսել խաղաղության մասին, փոխարենը գործեն թշնամաբար»,- հավելեց նա։ 

Google ծրագրում հայկական Մոխրենես գյուղը նոր անուն ունի՝ Սուսանլըք, որն ադրբեջանական հերթական կեղծումն է։ Օրինակ, Վանք գյուղի անվան վերջում նրանք ավելացրել են «լի» վերջածանցը ու Վանքը դարձրել Վանքլի։ Սա ի՞նչ է, եթե ոչ պատմության ու մշակույթի կեղծում։

Հունան Թադևոսյան