Գնել Սանոսյանը հաստատում է՝ Սոթքի հանքավայրում կրճատումներ են սպասվում
MediaHub-ի տեղեկություններով՝ Սոթքի ոսկու հանքավայրում կրկին լուրջ կրճատումներ կլինեն։
Հայաստանի իշխանությունների կողմից Քարվաճառն Արբեջանին հանձնելուց հետո հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում հայտնված հանքի 70 տոկոսն անցավ ադրբեջանցիներին։ Ծավալների կրճատում է տեղի ունեցել, ինչն էլ պատճառ կհանդիասանա հարյուրավոր մարդկանց գործազրկության։
Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի եւ կրճատումների վերաբերյալ MediaHub-ի տեղեկությունները ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց։
«Գործընկերների հետ աշխատում ենք, հանքավայրի շահագործման եղանակն են ուզում փոխել՝ ստորգետնյա եղանակով հանույթ իրականացնեն, որի պարագայում աշխատողների այն քանակը, որ հիմա կա, այդքան աշխատողի կարիք չեն ունենա»,-ընդգծեց նախարարը։
Իսկ թե ի՞նչ քանակի կրճատումների մասին է խոսքը, Սանոսյանն ասաց, որ չի կարող պատասխանել։ Ըստ նախարարի՝ Սոթքի այդ հատվածում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիր կա, որից հետո միայն հստակ հստակ կճշգրտվի սահմանը։ Հարցին՝ դեմարկացիայից հետո Սոթքի հանքավայրը ամբողջությամբ կգտնվի հայկական կողմո՞ւմ, ասաց․
«Չեմ կարող հիմա գնահատական տալ, քանի որ դաշտում այդ աշխատանքը չի արվել»։
Ճշտող հարցին, թե իշխանությունները հնարավոր է պահանջ ներկայացնեն ադրբեջանական կողմին՝ հեռանալ Սոթքի հանքավայրի տարածքից, պատասխանեց․
«Այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիները ներխուժել են, այդ պահանջը կա, միշտ էլ մեր գործընկերները պահանջել են»։
Սանոսյանին հիշեցրինք, որ ադրբեջանցիները Սոթքի հանքավայրի 70 տոկոսին տիրացան, երբ իրենց իշխանությունները Քարվաճառը հանձնեցին Ադրբեջանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիա Սարգսյան