Չկատարված խոստումներ, փնթի աշխատանք․Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին Արցախում ստեղծված լարվածության ֆոնին քաղաքական ուժերի ու տարբեր դերակատարների միջև տեղի են ունենում «փոխհրաձգություններ», հնչում են մեղադրանքներ: Թիրախում է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Պարզվում է՝ խնդիրը ոչ միայն քաղաքական երանգներ ունի, այլև ուղղակիորեն կապված է գլխավոր դատախազի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ վերջին տասը տարում ծավալած գործունեությունն ուսումնասիրելու նախաձեռնության հետ:
Դատախազությունն արդեն համապատասխան հարցումները հասցեագրել է հիշյալ հիմնադրամներին՝ պահանջելով տրամադրել տեղեկություններ հիմնադրամների կողմից ֆինանսավորված անձանց, միջոցների չափի ու նպատակների վերաբերյալ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների ղեկավարների հետ անց է կացվել խորհրդակցություն, որի ընթացքում ձեռք է բերվել օպերատիվ տվյալները մեկտեղելու և համագործակցված աշխատելու պայմանավորվածություն:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ազատ գյուղի կացարանի հրդեհի ողբերգական դեպքով հարուցված գործի շրջանակներում սպա Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքից:
Մասնավորապես, սպան պատմել է, թե ինչպես է բռնկվել հրդեհը, որը այնքան էլ չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ կառավարության նիստում նկարագրված մանրամասներին: Տեղեկացանք, որ սպան, որը երկար ժամանակ հրաժարվում էր ցուցմունք տալ, իրավապահներին հայտնել է, որ, այո, բենզինն ինքն է լցրել վառարանի մեջ, բայց անմիջապես կրակ չի բռնկվել, ինքը փոքր ուշ մոտեցել է վառարանին, որ տեսնի, թե ինչու կրակ չկա, ու այդ պահին վառարանից բոց է դուրս եկել: Կրակի պահից սպան բենզինի տարան դուրս է նետել, որի հետեւանքով բենզինի մի մասը լցվել է դռան վրա ու դուռը բռնկվել է:
Ըստ սպայի խոսքերի՝ մինչեւ տղաների ննջասենյակին կրակը հասնելը մոտ 20 րոպե ժամանակ է եղել, ու այդ ընթացքում ինքը գոռացել, աղաղակել է, որ հրդեհ է: Սպան ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել զինվորներից եւս մեկը՝ Լեւոն անունով, եւ իրենք միասին են գոռացել, աղաղակել, սակայն ընդամենը երկու զինվոր է դուրս եկել հրդեհվող տնից…
Սպան հայտնել է, որ իր համար մինչեւ հիմա ահասկանալի է, թե ինչու մյուս զինվորները դուրս չեն եկել, չեն փախել կացարանից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննիչը հարց է տվել սպային, թե նա տղաների հետ արդյոք կոնֆլիկտ ունեցել է. սպան պատասխանել է, որ զինվորներից որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը եղել է հունվարի 19-ին: Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ թմրաբանական փորձաքննության էր ենթարկվել Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը. փորձաքննության եզրակացության պատասխանը նախաքննական մարմինը ստացել է, որտեղ նշված է եղել, որ սպայի մոտ թմրանյութի հետքեր չկան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Այն, որ Հայաստանում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների հարաբերությունները խիստ բեւեռացված են, գաղտնիք չէ: Այն նույնիսկ նկատվեց ԱԺ դահլիճում միմյանց վրա նետված շշերի եւ հրահրված ծեծկռտուքի ժամանակ: Թշնամանքը ակնհայտ է. անգամ ԱԺ միջանցքներով քայլելիս միմյանց չեն բարեւում:
Հազվադեպ կտեսնես, որ ՔՊ-ականները, օրինակ, քայլեն այն հատվածներով, որտեղ ընդիմադիրների աշխատասենյակներն են, կամ էլ՝ հակառակը:
Իշխանությունը տարբեր երեւակայելի ու աներեւակայելի միջոցներ է հորինում, որպեսզի չեզոքացնի ընդդիմադիրներին, որոնք դաժան քննադատում են ՔՊ-ին: Իսկ, ահա, երբ Նիկոլ Փաշինյանն է գալիս խորհրդարան՝ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի, խորհրդարանը վերածվում է հատուկ պահպանվող տարածքի, որտեղ ամենուր զինված համազգեստավորներ են: Հետաքրքիր է, որ այս ֆոնին ՔՊ-ականները ընդգծված լավ վերաբերմունք ունեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականներից ոմանք հաճախ են որեւէ իրադարձություն քննարկում Գեւորգյանի հետ, նրա կարծիքը հարցնում:
Անգամ ընդդիմադիրների համար է առեղծված ՔՊ-ականների այս հատուկ վերաբերմունքը Արմեն Գեւորգյանի նկատմամբ:
Իշխանականների այս բարյացակամ վերաբերմունքը թերեւս կարելի է բացատրել նրանով, որ Արմեն Գեւորգյանը հիմականում չի խառնվում իշխանություն-ընդդիմադիր գզվռտոցին, զուսպ է իր ելույթներում, ԱԺ-ում ելույթ է ունենում հազվադեպ, այն էլ՝ խոսում բացառապես բուն թեմայից ու չի քննադատում իշխանություններին:
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել դետեկտիվ ժանրի օրենսդրական փոփոխություն, որով առաջարկում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանելու նպատակով լրացում կատարել համապատասխան օրենքում՝ իրականացնելով էլեկտրոնային հսկողություն` «ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ»: Հսկողություն իրականացնող մարմինն էլ կլինի ներքին գործերի նախարարությունը։ Նախագծում նշվում է, որ ուսումնասիրել են միջազգային փորձը եւ պարզել, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման պրակտիկա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարման օրերը հաշված են: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մի քննարկում է եղել, որտեղ բարձրացվել է հարց, թե ինչու է դատախազությունը պարտվում դատարաններում:
Պարզաբանում է հնչել, որ շատ քրեական գործերով, որով դատախազությունը պարտվում է դատարաններում, հիմնական պատճառը փորձաքննությունների արդյունքներն են: Այսինքն՝ տրված փորձագիտական եզրակացություններն են պարտության պատճառը, ու հիմնական խնդիրը եղել է հենց Արգամ Հովսեփյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը: Եվ միակ բանը, որ այս պահին հետ է պահում Հովսեփյանին ազատելու մտքից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կրկին կադրային խնդիրներն են, քանի որ համապատասխան կադր դեռ չեն կարողանում գտնել: Հիշեցնենք նաեւ, որ հենց այս նույն ՊՈԱԿ-ն է եզրակացություն տվել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հարցով:
Եւ այժմ քրեական գործով մեղադրանք է առաջադրված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, որն այդ ժամանակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն էր: Արդար կլիներ, որ քրեական հետապնդում իրականացվեր ոչ միայն Չարչյանի, այլ այդ եզրակացությունը տված մյուս դերակատարների, այդ թվում՝ Արգամ Հովսեփյանի նկատմամբ, սակայն դատախազ Աննա Վարդապետյանին հետաքրքրում է միայն Չարչյանին մեղադրելը:
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ընթացքում 5535 լիտր ռեգուլյար տեսակի բենզին է գնել, թեեւ այս ՊՈԱԿ-ն ընդամենը մեկ ծառայողական մեքենա ունի: Եթե ձեռք բերված բենզինի քանակը բաժանենք տարվա աշխատանքային 250 օրերի վրա՝ շաբաթ-կիրակին հանած, ապա կստացվի, որ օրական մոտ 22 լիտր բենզին է ծախսել ՊՈԱԿ-ի մեքենան։ Թե ուր են այդքան գնացել, եւ ինչ տրանսպորտային տեղափոխումներ է իրականացնում ֆեյքերի ՊՈԱԿ-ը, պարզ չէ։
Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի գործառույթները հիմնականում կապված են ԶԼՄ-ների հրապարակումների մոնիթորինգի, կառավարության գործունեության լուսաբանման հետ, եւ անհասկանալի է, թե ինչպես կարող էր 1 մեքենան այդ ծավալի բենզին ծախսել։
«Հրապարակ» թերթը գրում է.
Թուրքիայի նկատմամբ իշխանությունների ռեւերանսները ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել, ոմանք խիստ ոգեւորված են ԱԳ նախարարի վարած «ճկուն» դիվանագիտությամբ, թուրքերի հետ լեզու գտնելու հմտությամբ՝ համարելով, որ պետք է նախեւառաջ հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, որ տարածաշրջանում հաստատվի տեւական խաղաղություն։ Կարծում են, որ ՀՀ իշխանությունները Թուրքիային մտցրել են խաղի մեջ, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու միջնորդ կարգեն, եւ խաղաղության պայմանագրի փաստաթուղթը Միրզոյանը թուրքերի միջոցով է փոխանցել Ադրբեջանին՝ ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի մանդատ շնորհելով Թուրքիային։ Մյուս մասը կարծում է, որ անտեղի է այս չհիմնավորված թրքասիրությունը, քանի որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ծավալապաշտական նկրտումներից։
«Հրապարակ» թերթը գրում է.
Թուրքիայի նկատմամբ իշխանությունների ռեւերանսները ՔՊ-ում միանշանակ չեն ընդունել, ոմանք խիստ ոգեւորված են ԱԳ նախարարի վարած «ճկուն» դիվանագիտությամբ, թուրքերի հետ լեզու գտնելու հմտությամբ՝ համարելով, որ պետք է նախեւառաջ հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, որ տարածաշրջանում հաստատվի տեւական խաղաղություն։ Կարծում են, որ ՀՀ իշխանությունները Թուրքիային մտցրել են խաղի մեջ, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու միջնորդ կարգեն, եւ խաղաղության պայմանագրի փաստաթուղթը Միրզոյանը թուրքերի միջոցով է փոխանցել Ադրբեջանին՝ ըստ էության ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի մանդատ շնորհելով Թուրքիային։ Մյուս մասը կարծում է, որ անտեղի է այս չհիմնավորված թրքասիրությունը, քանի որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ծավալապաշտական նկրտումներից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2022-ի տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհների՝ խոստացված տարեկան 500 կմ վերանորոգմանը, նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք կատարվել կամ կատարվում է տրված խոստումը, ինչին ի պատասխան` տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ ոչ միայն կատարել են խոստումը, այլ նաեւ գերակատարել են 20 կմ-ով:
«Փաստերի ստուգման հարթակ»-ն ուսումնասիրեց վերջին 3 տարիներին երկրում իրականացված ասֆալտապատման աշխատանքները եւ պարզեց, որ թեեւ նախորդ տարիներին Հայաստանում իրականացված ասֆալտապատման աշխատանքները, նախորդ տարիների համեմատ, ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստանում են ներկայիս իշխանությունները։ Սկսած 2020 թվականից՝ իշխանությունները յուրաքանչյուր տարի խոստացել են կառուցել 500 կմ ճանապարհ։ Այս թվի մեջ չեն մտնում Հյուսիս-հարավ ճանապարհի եւ համայնքային սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատված ճանապարհները։ 2020 թվականին, ի հակառակ կառավարության խոստման, Հայաստանում ասֆալտապատվել է մոտ 388 կմ ավտոճանապարհ։ Հաջորդ՝ 2021 թվականին եւս կառավարությունը խոստացավ կառուցել 500 կմ ճանապարհ։
Ավելին՝ տարեվերջին կառավարության նիստերից մեկում վարչապետին զեկուցվեց, որ տարվա համար նախատեսված 500 կմ ճանապարհի միջին նորոգման ու հիմնանորոգման խոստումը կատարվելու է, սակայն 2021-ի համար եւս խոստացված եւ զեկուցված 500 կմ ճանապարհը չի վերանորոգվել։ 2021-ին Հայաստանում վերանորոգվել է մոտ 386 կմ ավտոճանապարհ։ 2022-ին եւս կառավարությունը սահմանեց 500 կմ ճանապարհների վերանորոգման/կառուցման նշաձող։ Իրականում նախորդ տարի եւս կառավարությունը չի կատարել տված խոստումը: Ընդհանուր առմամբ, 2022-ին Հայաստանում նորոգվել է 486 կմ ավտոճանապարհ։ Այսպիսով, փաստենք, որ վերջին 3 տարիներին կառավարության կողմից խոստացված տարեկան 500 կմ ճանապարհների կառուցման եւ վերանորոգման խոստումները ոչ մի անգամ իրականություն չեն դարձել, իսկ նախորդ տարիներին հիմնանորոգված ճանապարհների մի մասը 2022-ին կրկին ներկայացվել են որպես հիմնանորոգված։
Եվ եթե կրկնակի հիմնանորոգումները չհաշվենք, ապա կստացվի, որ 2022-ին վերանորոգվել է ոչ թե 486, այլ 381 կմ ճանապարհ։ Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարությունում տարրական գրագիտության խնդիր կա։ Կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Ընտանեկան բռնության մասին» օրենքում լրացումների նախագիծ, որի վերաբերյալ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը եզրակացություն է տվել, որն ուղղակի ապտակ է կառավարությանը։ Լիքը թերություններ են նկատել եւ առաջարկել շտկել։ Գրել են․ ««2-ին» ձեւակերպումը փոխարինել «2-րդ» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով»։
Կառավարության երեկվա նիստի օրակարգում ևս ընդգրկված 2 նախագծերը նախկին սխալների, վրիպակների շտկման մասին էին։ Անցած սեպտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել այդ նախագծերին, իսկ երբ հասել է կատարելու ժամանակը, պարզվել է, որ դրանցում էական վրիպակներ կան։ Այսպիսով՝ կառավարության 2022 թ․ սեպտեմբերի 1-ի որոշման մեջ «Դաստակերտ» բառի փոխարեն «Դարակերտ» բառն է տեղ գտել։ Այսինքն՝ եթե ուղղում չարվեր, կառավարության հաստատած ծրագիրը ստիպված կլինեին իրականացնել ոչ այն համայնքում, որի համար ընդունել էին։
Մյուս բացթողումը Հակոբ Սիմիդյանի ղեկավարած շրջակա միջավայրի նախարարությանը վերաբերող որոշման մեջ էր։ 2023 թ․ պետբյուջեով հաստատված Անտառային կոմիտեի կողմից իրականացվող 1173 «Անտառների կառավարում» ծրագրի «Անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ» միջոցառման գնման անվանացանկը «տեխնիկական պատճառներով» չի ներառվել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի «ՀՀ 2023 թ․ պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման N10 հավելվածում։
«Հրապարակ» թերթը գրում է.
Նախօրեին, երբ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում էր, Նիկոլ Փաշինյանը երեկոյան շտապել էր խորհրդարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ փակ հանդիպման։ Ֆրակցիայից սակավաթիվ մարդիկ են մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ պատգամավորներից շատերը գործուղման են եղել։
Հանդիպումը կարճ է տեւել։ Փաշինյանի՝ խորհրդարան այցի նպատակը եղել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նորությունները փոխանցելը, ավելի ճիշտ՝ գնացել է թիմակիցներին հայտնելու, որ Հայաստանը հերթական անգամ ադրբեջանական կողմին է ներկայացրել իր առաջարկները ու սպասում է պատասխանի։ Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե խոսքն ինչ առաջարկների մասին է, պատճառաբանելով, թե դրանցում, ըստ էության, մեծ փոփոխություններ չկան, քան նախորդներն են եղել։ Բացի այդ՝ քանի դեռ քննարկումները շարունակվում են, եւ վերջնական համաձայնություն չի կայացվել, դրանց բովանդակության քննարկումն անիմաստ է այն պատճառով, որ Ադրբեջանը կարող է ինչ-ինչ պատճառաբանությամբ մերժել պաշտոնական Երեւանի առաջարկները։ Փաշինյանը հույս է հայտնել միայն, որ ընթացիկ տարում խաղաղության պայմանագիրը կստորագրվի, քանի որ, իր տպավորությամբ, կողմերի դիրքորոշումներն անհամեմատ մոտեցել են իրար։ Սակայն հավելել է, որ իրեն հուզող միակ խնդիրն այն է, թե ինչ է լինելու այդ փաստաթղթի ստորագրումից հետո։ ՔՊ-ականներին նա փոխանցել է, որ հայկական կողմի առանցքային պահանջներից մեկն այն է, որ կնքվելիք փաստաթղթում արձանագրվեն բոլոր այն երաշխիքները, որ պայմանագրի կնքումից հետո տարածաշրջանում կապահովվի տեւական խաղաղություն։
Նշենք, որ նախօրեին թիմակիցների հետ զրույցից հետո, երեկ էլ՝ կառավարության նիստի սկզբում, նա հայտարարեց, թե Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները եւ առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
«Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետեւյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Հավելենք նաեւ, որ մի քանի օր առաջ էլ Արմեն Գրիգորյանն էր հայտարարել, թե «Ադրբեջանի փոխանցած տեքստի վրա մենք աշխատել ենք, փոխանցել, հետո ադրբեջանական կողմն է աշխատել ու կրկին փոխանցել մեզ։ Այժմ հայկական կողմն է աշխատում, եւ կարծում եմ, որ հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի, ու պատրաստ կլինենք փոխանցել այն ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց կարծում եմ՝ հանրությունն այդ մասին տեղյակ կլինի»։ Ասել էր նաեւ, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա։
Քաղաքական շրջանակներում համոզված են, որ Ադրբեջանին այդ փաստաթուղթն արդեն փոխանցվել է նախօրեին՝ Արարատ Միրզոյանի կողմից, Թուրքիայի միջոցով։ Ինչեւէ, հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերից մեկը, որը կողմերին թույլ չի տալիս դիրքորոշումները մոտեցնել, Արցախի հարցի՝ փաստաթղթում արձանագրումն է։ Արեւմուտքի կարծիքով, Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի հարցից՝ ճանաչելով այն Ադրբեջանի տարածքային մաս, եւ կնքի պայմանագիրը, իսկ ռուսական տարբերակն այն մասին է, որ խաղաղության պայմանագիրը՝ ճանապարհների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի եւ այլ կետերով, պետք է կյանքի կոչվի, իսկ Արցախի հարցը պետք է թողնվի անորոշ ապագային։
Հիշեցնենք, որ չնայած սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ ռուսական տարբերակով, սակայն դրանից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքեց, որ Պրահայում արդեն Փաշինյանը ձեռք է բերել այլ պայմանավորվածություն, եւ հիմա Հայաստանն ուզում է, որ մենք հաստատենք Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ մեր առաջարկը։ Իսկ Պրահայում քառակողմ ֆորմատով հանդիպման ժամանակ Ադրբեջանն ու Հայաստանը վերահաստատել էին 91 թվականին կնքված Ալմա-Աթայի հռչակագիրը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։
Ի դեպ, վերջին շրջանում տեղեկություններ կան, որ խաղաղության պայմանագրում մտցվել է մի կետ, որը միջազգային հայտնի՝ կառուցողական «անորոշություն» կետն է։ Սա օգտագործվում է ծանրագույն լուծումների դեպքում, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն իր ձեւով մեկնաբանի։ Այսինքն՝ Բաքուն կարող է ասել՝ այո, Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, Հայաստանն էլ հայտարարի, որ «Արցախի կարգավիճակի հարցը մնում է դեռեւս առկախված»։
ՀԳ․ Ուշագրավ է, որ նախօրեին ՔՊ-ի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր հետ տարել է նաեւ անկուսակցական փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։