«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոնն է․ «Արսենալը» նորից 2-րդն է

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Մանչեսթերյան ակումբը սեփական հարկի տակ 3-1 հաղթեց «Վեսթ Հեմին» և 4-րդ անգամ անընդմեջ նվաճեց Պրեմիեր լիգան։
Խաղի հաշիվը բացեց Պրեմիեր լիգայի խաղացող ճանաչված Ֆիլ Ֆոդենը։ Հարձակման գծում խաղացող անգլիացին 2-րդ րոպեին ձախ ոտքի հեռահար հարվածով գրավեց լոնդոնյան ակումբի դարպասի ձախ վերին անկյունը։ 18-րդ րոպեին հարձակվողը դուբլ ձևակերպեց։
42'-ին «Վեսթ Հեմի» հարձակվող Մուհամեդ Կուդուսը գեղեցիկ «մկրատ» հարվածով կրճատեց հաշիվը։
59'-րդ րոպեին ՄանՍիթիի կիսապաշտպան Ռոդրին դրեց խաղի վերջակետը՝ գրավելով հակառակորդի դարպասը։
Սա «Կապույտների» 10-րդ չեմպիոնությունն է։
«Արսենալը», որը հետապնդում էր «Սիթիին» մրցաշարի ընթացքում, ինչպես անցյալ տարի, նվաճեց արծաթե մեդալները, չնայած հնարավորություն ուներ չեմպիոն դառնալ։ 40'-ին մերսիսայդյան ակումբը անակնկալ առաջինը դարձավ գոլի հեղինակ։ տուգանայինի խաղարկության ժամանակ Իդրիսսա Գուեյեի հարվածից հետո գնդակը դիպավ պատի մեջ կանգնած կիսապաշտպան Դեկլան Ռայսի գլխին և անդրադարձով հայտնվեց լոնդոնյան ակումբի դարպասը։ 43-րդ րոպեին պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն հավասարեցրեց խաղի հաշիվը։ Գերմանացի հարձակվող Կայ Հավերցին հաջողվեց 89'-ին գրավել «Էվերթոնի» դարպասը և հաղթանակ ապահովել լոնդոնցիների համար։
Չնայած «Արսենալը» հաղթեց, բայց այն բավարար չեղավ չեմպիոնության համար։ Մանչեսթերյան ակումբը կա՛մ պետք է պարտվեր, կա՛մ ոչ-ոքի խաղար, որպեսզի լոնդոնյան ակումբը կարողանար չեմպիոն դառնալ հաղթանակից հետո։
Այսպիսով ավարտվեց Անգլիայի 2023/24 ՊԼ մրցաշրջանը։ 38 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 91 միավոր վաստակեց, իսկ «Արսենալը»՝ 89։ «Լիվերպուլը» գրավեց 3-րդ տեղը՝ վաստակելով 82 միավոր։ «Ասթոն Վիլլան»՝ 4-րդ տեղը (68 միավոր)․ նրանք նույնպես կխաղան Չեմպիոնների լիգայում։ 5-րդ ու 6-րդ տեղերը գրավեցին լոնդոնյան ակումբներ «Թոթենհեմն» (66 միավոր) ու «Չելսին» (63 միավոր)։