Ազգակործան պատուհասի խոստովանությունը

«Բանակցային այն իրավիճակը, որ ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնում և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն էր», - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ այս թեմայով չի խոսվել, քանի որ եթե խոսեին, պետք է ժողովրդին ասեին, որ 30 տարի ուղղակի ժամանակ են վատնել ու ռեսուրսները ծախսել են մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր:

«Ինչո՞ւ էր ի սկզբանե անլուծելի, մի քանի պատճառներով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պատճառով: Եվ մեզ հիմա շատ են մեղադրում՝ ասելով, որ ի սկզբանե ասացիք, որ հետամուտ կլինեք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրին, բայց հետամուտ չեղաք: Ինչքանո՞վ է օբյեկտիվ այս մեղադրանքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ոչ միայն ասել ենք, այլև փորձել ենք հասկանալ՝ ինչ է ինքնորոշման իրավունքը», - ընդգծել է վարչապետը։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դիմում է մանիպուլյացիայի՝ տպավորություն ստեղծելով, թե ԼՂ, ըստ էության, կործանված էր արդեն մինչև 2018-ը:

Սա էժան քարոզչական հնարք է, որովհետև կարգավորման բոլոր փաստաթղթերով ԼՂ-ի հայկականությունը երաշխավորված էր, այդ թվում՝ այն փաստաթղթով, որը 2019-ին դրված էր Նիկոլ Փաշինյանի սեղանին ու մերժվեց նրա կողմից:
ԼՂ-ի կործանման հիմքերը պետք է փնտրել Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականության մեջ, ինչն, ի վերջո, հանգեցրեց մահաբեր պատերազմին:

Բայց անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ մեզ համար ոչ բարենպաստ փաստաթուղթը, պահպանում էր ԼՂ-ի սահմանափակ սուբեկտությունը, որի կարգավիճակը կանխորոշված չէր:

Երրորդ հանրապետության առաջին ղեկավարը, ով Արցախի ճանաչեց Ադրբեջանի մաս, Նիկոլ Փաշինյանն էր՝ Պրահայի քառակողմ հայտարարությամբ:
Սա է իրականությունը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Փաշինյանը դարձյալ մանիպուլացնում է փաստերը՝ Արցախի կործանման պատասխանատվությունից խուսափելու համար:
Ավելի էական է այն, որ 2018-ին նա գիտակցել է, որ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի է», բայց գնացել է բացահայտ արկածախնդրության, հրաժարվել է լուծումներից, «Արցախը Հայաստան է և վերջ» արկածախնդրությամբ սադրել է հակառակորդին՝ դառնալով նվաստացուցիչ պատերազմի, տարածքային և մարդկային կորուստների պատասխանատու:

Ավելին, Փաշինյանը Հայաստանին ու հայ ժողովրդին խաբել է անգամ մարդակուլ պատերազմից հետո՝ թեև 2018-ից իմացել է, որ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր»: Նա 2021-ին ընտրություններին մասնակցել է «Անջատում՝ հանուն փրկության» կարգախոսով: Փաստորեն, հանուն իշխանության՝ նա ստորաբար խաբել է հայ ժողովրդին:

Մինչև պատերազմը նրան հանգիստ չէր տալիս Տիգրան Մեծի փառքը ու դրա համար հայ ժողովուրդը ծանր գին վճարեց:
Հիմա նա ամեն գնով փորձում է պահել իշխանությունը՝ չխորշելով ոչ մի կեղծիքից:
Սրա համար դարձյալ ծանր գին է վճարելու հայ ժողովուրդը:

Ազգակործան պատուհասը հո պոչով- պոչով չի՞ լինում...