Որքան գումար է ծախսելու ՔՊ-ն ընտրությունների վրա, Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանն առանձնանում թիմից. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է․
Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանը օրեր առաջ վարել էր ուղևորափոխադրող «Գազել»` խորհրդանշելով, այսպես կոչված, «հուսահատության Գազելների ավարտը»։
Լրատվամիջոցներից մեկը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրին, պնդել էր, որ Ավինյանն ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին, սակայն «Գազել» մակնիշի միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու համար պահանջվում է D կարգի վարորդական վկայական։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը քննության առարկա է դարձել իրավապահ համակարգում` «անհատական տվյալների անօրինական արտահոսքի» մասով: Այսինքն, իրավապահները փորձում են հասկանալ, թե ինչպես, ինչ ճանապարհով են այդ տվյալները հայտնվել լրատվամիջոցների ձեռքում, և ով է ոստիկանության համակարգից նման տվյալներ տրամադրում` խախտելով օրենքը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաեւ Նարինե Արամյանը՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Լարիսա Ալավերդյանի դուստրը: Նա իրավապաշտպան է, եւ նրան հաճախ կարելի է տեսնել «Կիսաբաց լուսամուտներ» հայտնի հաղորդաշարի եթերում։ Թե ինչ կապ կա Ալավերդյանի դստեր եւ Մարությանի միջեւ, եւ ինչպես է նա հայտնվել այս թիմում, Լարիսա Ալավերդյանը մեզ ասաց, որ չի խառնվում դստեր որոշումներին եւ չի կարող նաեւ նրանց կապի մասին ասել։ Հայկ Մարությանի ցուցակում հինգերորդը Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն է, ով Մարությանի քաղաքապետության օրոք ավագանու մանդատը վայր չդնելով՝ զբաղեցրել էր նաեւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդանյանը Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհիներից է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը դեռ չի բացում փակագծերը՝ անձա՞մբ կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, թե՞ այս անգամ հանդիսատեսի կարգավիճակը կընտրի, որպեսզի հետագայում` ցածր քվեներ ստանալու պարագայում, մեղավորներին ավելի կոնկրետ ու հասցեական պատժի։ ՔՊ-ական պատգամավորներն ու ավագանու ցուցակում ընդգրկվածները համենայնդեպս մինչ այս պահը չունեն այդ հարցի պատասխանը` Փաշինյանը նրանց չի հաղորդել այդ մասին։
Եվ չնայած դրան, առավել փորձառուները վստահ են, որ գոնե վերջին օրը՝ եզրափակիչ հավաքին, Փաշինյանը կմասնակցի եւ կխոսի, քանի որ սա ոչ միայն Երեւանի գրավման եւ Ավինյանի՝ քաղաքապետ դառնալու հարցն է, այլեւ իշխանությունը պահելու։ Եվ կասկած չկա, որ Փաշինյանը ՔՊ-ի հաղթանակը թմբկահարելու է այն ասպեկտով, որ իրենց վարած քաղաքականության հարցում ունեն քաղաքացիների լիակատար վստահությունը, եթե, իհարկե, կանխատեսած բարձր արդյունքները գրանցեն։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ավարտվում է ԱԺ պատգամավորների մեկամսյա արձակուրդը: ՔՊ-ական ակտիվին եւ ոչ այնքան վարկաբեկված երեսփոխաններին հրահանգվել է ակտիվ մասնակցել քարոզարշավի շրջանակներում սպասվող բակային հանդիպումներին` խորհրդարանական աշխատանքը կսպասի։ ՔՊ-ն, մեր տեղեկություններով, 800 հազար դոլարի նախընտրական տեսահոլովակներ է պատվիրել միայն «Շարմ» ընկերությանը: Հիմնական շեշտը դրվելու է երեւանյան երգերի, թանկ հոլովակների վրա:
«Փաստ» օրաթերթը գրում է․
Օգոստոսի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն էր։ Վեհափառը դարձավ 72 տարեկան։ Սոցցանցերում ակտիվ քննարկվում էր այն հարցը, որ իշխանությունները, սկսյալ Նիկոլ Փաշինյանից, չեն շնորհավորել Կաթողիկոսի ծննդյան տոնը: Երեկ, սակայն, ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հաստատել էր տեղեկությունները, որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Գարեգին Բ-ին:
Սա ինքնին ուշագրավ է այն առումով, որ, ճիշտ է, դրանից Ալեն Սիմոնյանն իր թիմակիցներից, մեղմ ասած, բնավ ավելի լավը չի դառնում ու հազիվ թե կարողանա «սրբագրվել» քպական ողջ մեղքերից, բայց, փաստացի, ինչպես ՔՊում են ասում, «առյուծ է կտրել» և շեղվել իր կուսակցության գծից: Կան տեղեկություններ, որ նրա այս քայլը կուսակցության ներսում որոշակի «նեղվածություն» է առաջ բերել:
Շատերին առավել զարմացրել ու զայրացրել է այն փաստը, որ այն պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանն էլ չի շնորհավորել Կաթողիկոսին, ԱԺ նախագահը հանկարծ նման «ինքնագործունեությամբ» է հանդես եկել: