Դպրոցները կանցնե՞ն հեռավար ուսուցման․ մեկնաբանում է նախարարը

Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՍՇՎ-ներով պայմանավորված հնարավոր է դպրոցներն անցնեն հեռավար ուսուցման։

Նրա խոսքով, եթե կարիք լինի, լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին նման անհրաժեշտություն չկա։

Դիտարկմանը, որ լուրեր են տարածվում, թե ԿԳՄՍ նախկին նախարարի դեմ սաբոտաժի հետևում ինքն է թաքնված եղել, Անդրեասյանն արձագանքեց, որ անհեթեթությունները մեկնաբանել չի պատրաստվում։

Մեկ այլ հարցի, թե ինչ է պատրաստվում անել Բրյուսովի վերընտրված ռեկտորին հեռացնելու համար, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ բոլոր հարցերը քննարկվում են իրավական հարթության մեջ։ Իրավապահները, բնականաբար, դրանով զբաղվում են։ Իսկ ԿԳՄՍ նախարարությունն իր քայլերն անում է՝ ելնելով առկա իրավիճակից»։

Մեկ այլ դիտարկման էլ, որ, ըստ մամուլի, ինքը նախարար նշանակվելուց հետո հրահանգ է իջեցրել դպրոցների ծրագրից հանել ռազմահայրենասիրական առարկաները, Ժաննա Անդրեասյանն արձգանքեց՝ գործ ունենք ամենատարրական ապատեղեկատվության հետ։

«Շրջաբերական էր տարածվում, որն իմ փոխնախարար եղած ժամանակ է հրապարակվել և վերաբերել է միայն այն դեպքերին, երբ զինվորական բնույթ կրող կառույցները, որտեղ կա զենքի առկայություն, չտեղակայվեն դպրոցի շենքում»,- ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։