Ինձնից 1 ժամ անց էլ մի կին է Սիմոնյանին դավաճան ասել, իրեն էլ պատասխանել է, թե դավաճանը պապադ է․ Կարեն Մկրտչյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան ասած Կարեն Մկրտչյանը, որին այդ արտահայտության համար բռնության էին ենթարկել Սիմոնյանի թիկնապահները, իսկ ինքը Սիմոնյանը թքել էր դեմքին, դեռ իրավաբանների հետ քննարկում է հարցը՝ արդյոք իմաստ ունի հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, թե՞ ոչ։
«Հարցը դեռ քննարկում ենք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը։
Նա նշեց, որ իր հետ իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի փորձել կապ հաստատել և ոչ ոք ներողություն չի խնդրել։
«Բացի այդ, ես տեղեկացա, որ նույն օրը, այդ դեպքից մեկ ժամ անց մեկ այլ քաղաքացի ևս Սիմոնյանին դավաճան է ասել, դա տեղի է ունեցել «Ռոսիա Մոլի» տարածքում։ Այդ կնոջն էլ Սիմոնյանը պատասխանել է, թե դավաճանը պապադ է»,- պատմեց Կարեն Մկրտչյանը։
Նրա դիտարկմամբ՝ դա ապացուցում է, որ իշխանության հայտարարությունները, թե հստակ արշավ է տեղի ունենում իրենց նկատմամբ, ի չիք են դառնում։
«Հայրենիքի հանդեպ սեր ու պատասխանատվություն ունեցող ցանկացած անձ ունենում է այդ պոռթկումը։ Այդ կինը, որ Սիմոնյանին նույն օրը դավաճան էր ասել, ինձ չի էլ ճանաչում, տեղյակ էլ չի եղել, թե ինչ է տեղի ունեցել իր ասելուց մեկ ժամ առաջ։ Սա հայրենասեր մարդու պոռթկում է»,- ներկայացրեց Կարեն Մկրտչյանը։
Նարե Գնունի