Գագիկ Խաչիկյանը՝ աշխարհի գավաթի արծաթե, Հարություն Մերդինյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեւոմ անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում Գագիկ Խաչիկյանը նվաճեց արծաթե, Հարություն Մերդինյանը՝ բրոնզե մեդալ:
Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանի թիմի երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը վաստակեց 14.733 միավոր: Նժույգ թափեր վարժության եզրափակիչ դուրս եկած Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.566 միավորով բրոնզե մեդալակիր է: Նույնքան միավոր վաստակեց նաեւ բրոնզե մեդալակիր դարձած Ուկրաինայի ներկայացուցիչ Իլյա Կովտունը:
Գագիկ Խաչիկյանը որակավորման փուլում հաղթահարել էր 14.300 միավորով: Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը որակավորման փուլում վաստակել էր 14.466 միավոր:
Նժույգ թափեր վարժությունում 15.033 միավորով ոսկե մեդալակիր դարձավ Տայպեի ներկայացուցիչ Կաի Չի Լիին:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության չորորդ փուլի մրցաշարում 4 մասնակիցներից մեդալների համար կպայքարեն նաեւ Արթուր Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակիչում կպայքարեն Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկի վարժության աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալի համար կպայքարի նաեւ հենացատկի վարրժության եզրափակիչում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական հանձնաժողովում է:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլը կավարտվի ապրիլի 30-ին: