Ծանրամարտի ԵԱ. Ջուլիետա Ավանեսյանը 9-րդն է երկամարտում

Ծանրամարտի ԵԱ. Ջուլիետա Ավանեսյանը 9-րդն է երկամարտում

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի կանանց ընտրանու անդամ Զուլիետա Ավանեսյանը մրցեց 87+ կգ քաշային կարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Եվրոպայի առաջնության 87+ կգ քաշային կարգում Ավանեսյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում կատարեց` 90 կգ, 95 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 110 կգ, այնուհետ  116 կգ, սակայն չբարձրացրեց 119 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Ավանեսյանը 9-րդն է:

Այս քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմբլը` երկամարտի 253 կգ արդյունքով:

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն էր, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը էլ նվաճեց այս առաջնության բրոնզե մեդալը:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալ: