Սերժ Սարգսյանի ճեպազրույցը դատական նիստից հետո

Ես չեմ կարծում, որ Արցախի հարցում վիճակը անելանելի է, միանշանակ իրավիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները․ լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Երեկ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները, դրանք տրամաբանական են, այն ինչ ասում է Օսկանյանը՝ իրականանալի է։ Իհարկե վիճակը ծանր է, դժվարությունները շատ են, պրոբլեմները՝ մեծ, բայց իրավիճակը անելանելի չէ»,-նշեց նա։ 

Ըստ Սերժ Սարգսյանի՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը կլիներ իշխանափոխությունը։ 

«Բայց, եթե կարողանան պայմանավորվել, որ մի խումբ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ աշխատի, իսկ մնացածը լռեն՝ լավ տարբերակ է,  թեպես ես չեմ կարծում, որ այդ մարդիկ պատրաստ են նման քայլի գնալու»,-ասաց նա։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամանակ արված հայտարարություններից, Սերժ Սարգսյանը նշեց, որ Փաշինյանը սեփական կաշին փրկելու համար մեղադրում է այլոց։

«Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է։ Այնտեղ զրպարտանքի շատ մեծ չափաբաժին կար։ Հոգեբաններն ասում են, որ ստախոսները ի վերջո գալիս են, հասնում մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։ Բայց կա մի հուսադրող հանգամանք, նրանք նաեւ ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է։ Հույս ունենք, որ մենք գտնվում ենք վերջին փուլում»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ երկրում նոր գործընթացներ են սպասվում։ 

«Ինչպես կարելի է լրջորեն պատասխանել մի մարդու, ով  հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները տասից ավելի անգամ իրեն խաբել են 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչպե՞ս կարող է մարդը չզգալ, որ իրեն տասը անգամից ավել խաբել են։ Կառավարման ի՞նչ ունակություն կամ գիտելիք պիտի ունենա այդպիսի մարդը»,-հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում