«Մոլբերտով» Դավիթ Դանիելյան v.s ծանր քաշային ընդդիմություն

«Մոլբերտով» Դավիթ Դանիելյան v.s ծանր քաշային ընդդիմություն

Հանրահավաքներն Արցախը պաշտպանելու համար չեն արվում, Արցախը պաշտպանելու համար կարող են ԱԺ-ում օրենքներ մշակել, բայց հիմնականում ընդդիմությունը բացակայում է նիստերից, ենթադրում եմ՝ անձնական բիզնեսների համար տարբեր երկրներ են գնում: Այդ մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

ՔՊ-ական երիտասարդ պատգամավոր Դավիթ Դանիելյանն որոշել է հետ չմնալ իր քաղաքական թիմից և փորձում է «քար նետել» դեպի ընդդիմության համազգային շարժումը: Դավիթ Դանիելյանն ավարտել է Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան և, ի շնորհիվ Փաշինյանի կադրային քաղաքականության, Դանիելյանը հայտնվել է ԱԺ-ում ու կարծիք է հայտնում ընդդիմության մասին, որի լիդերներն արցախյան պատերազմի հերոսներ են, պետականաշինության հսկայական փորձով, քաղաքական հարուստ կենսագրությամբ: Ընդդիմությունն ու ՔՊ-ն գտնվում են քաղաքական տարբեր քաշային կարգերում:

ՀՀ նկարիչների միության անդամ Դանիելյանը՝ «շեֆերի» հրահանգով փորձում է քաղաքական «նոտյուրմորտներ» անել, սակայն անգամ դա նրա մոտ չի ստացվում: ՔՊ-ականների մոտ ավելի լավ են ստացվում ինքնածաղրանկարները:

Դանիելյանը չի նշում` ինչ բիզնեսներ ունի ընդդիմությունն ու ինչու է հենց հիմա ընդդիմությունը որոշել այդ բիզնեսները պաշտպանել՝ այլ ոչ, օրինակ 2021թ.-ին կամ 2019թ.-ին: Արցախի ճակատագրով մտահոգ ընդդիմության համազգային պայքարը ՔՊ-ն փորձում է սևացնել, սակայն դա նրանց չի հաջողվելու: Իշխանափոխությունից հետո Դանիելյանը դասավանդելու է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, իսկ ՔՊ-ականներից շատերը կարող են նրա մոտ բնորդուհի աշխատել:

Վահրամ Բագրատյան