«Ճակատագիրն ինչո՞ւ է այսպիսի բախտ գրել մեզ համար...». տարեց ամուսինների կորուստներն ու զրկանքները

«Ճակատագիրն ինչո՞ւ է այսպիսի բախտ գրել մեզ համար...». տարեց ամուսինների կորուստներն ու զրկանքները

Եղվարդում ապաստանած Գոհար Առաքելյանը 2020-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղից է տեղահանվել։ 

Ասում է՝ նախ եկել են Երևան, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ, այնտեղ վարձակալական հիմունքներով ապրել մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ Արցախի ամբողջական հայաթափման ժամանակ ինքն ու 2-րդ կարգի հաշմանդամ ամուսինը՝ Շամիր Առաքելյանը, ապաստանել են Եղվարդում։ 

Մի կողմից ընտանիքի կորուստները, մյուս կողմից ամուսնու առողջական վիճակն օր-օրի ավելի են խորացնում կնոջ վիշտը, դրանց գումարվում է նաև սոցիալական վիճակը։

«Ամուսնուս հաշմանդամության թոշակը կտրել են, նա սրտի հետ կապված խնդիր ունի։ Հազիվ հասցնում ենք կոմունալները վճարենք, անգամ անհրաժեշտ դեղորայք չենք կարողանում ձեռք բերել»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Գոհարը՝ նշելով, որ իրենց ավելի շատ անհանգստացնում է ոչ թե սոցիալական ու առողջական վիճակը, այլ կորուստներն ու այն մեծ ցավը, որ իրենց հետ բերել են Հայաստան։ 

«Տղաս՝ Գուրգենը, դեռ 18 տարեկանը չէր լրացել, երբ մասնակցեց արցախյան առաջին պատերազմին ու զոհվեց։ Իրենից բացի 2 աղջիկ ունեմ, նրանցով էի լցնում օրս ու իրենց ընտանիքներն էին ինձ ապրեցնում։ Գուրգենը հուղարկավորվել է գյուղում։ Իմ համար մեծ վիշտ է, որ շուտով 4 տարի կլինի, չեմ կարողանում այցելել նրա շիրմին»,- ասում է մեր զրուցակիցը։ 

2020 թվականի պատերազմը ևս չշրջանցեց այս ընտանիքին։ Գուրգենի զոհվելուց հետո Գոհարը ստացավ կյանքի 2-րդ հարվածը. մարտերում անմահացավ նրա հրամանատար եղբայրը՝ Սեյրան Սարյանը։

«Սեյրանին ևս հուղարկավորեցինք Հադրութի շրջանում։ Բայց այն ժամանակ գոնե հնարավոր եղավ հոկտեմբերին արտաշիրմել ու բերել Եռաբլուր։ Ես չգիտեմ՝ ճակատագիրն ինչո՞ւ է այսպիսի բախտ գրել մեզ համար»։ 

Տիկին Գոհարը, որ կարոտի ցավը մեղմում էր թոռներով ու դուստրերի ընտանիքներով, 2-րդ անգամ տեղահանության, Արցախն ամբողջական կորցնելու հետ մեկտեղ, 2023-ի պատերազմում կորցրեց նաև 23-ամյա թոռանը՝ Մասիսին, որ անմահացել է թշնամու դիպուկահարի կրակից՝ Ղայբալիշեն տեղանքում։

«Շուշիի ուղղությամբ էր, սեպտեմբերի 19-ին մի քանի անգամ դիրքի տեղը փոխեց, քանի որ ադրբեջանցիները նկատել էին ու շատ անգամ են կրակել, բայց «սնայպերը» խփեց, տեղում մահացավ։ Երևի  կհիշեք, մի տարի առաջ այդ տեղանքում մեր 3 ոստիկաններին են նաև սպանել»,- արտասվում է կինն ու ասում, որ թոռը պատրաստվում էր ամուսնանալ, արդեն նշանադրվել էր։

Գոհար Առաքելյանի կորուստները, սակայն, այսքանով չեն սահմանափակվել։ 2023-ի սեպտեմբերյան իրադարձությունները դժբախտացրել են նաև թոռնուհուն, որի ամուսինը՝ Սասունը, հերոսաբար զոհվել է Հաթերքի դիրքերում։

«Տեղահանվեցինք ու եկանք Հայաստան, մինչև երեխաների դիերը մեզ հասան, հուղարկավորեցինք, հետո ապաստանեցինք Եղվարդում։ Համայնքապետարանը սեղան ու աթոռներ է նվիրել, բայց տանը գույք չկա։ Մեր հոգսը թեթևացնելու համար մեզ շատ օգնեց տիկին Զարուհի Մուրադյանը, ինչի համար շնորհակալ ենք»,- ասում է նա:

Այսքան տառապանքից ու զրկանքներից հետո տարեց ամուսինները միաժամանակ պայքարում են թե՛ առողջական և թե՛ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։ 

Հունան Թադևոսյան