Հայաստանը կտարածի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը պատերազմական հանցագործությունների վրա

Կառավարության տարեվերջյան նիստում քննարկվեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հետադարձորեն ճանաչելու և վավերացնելու օրենքի նախագծի փաթեթը։ ՀՀ-ն այս կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ այն չի վավերացվել։ «Կանոնադրության նպատակն է Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը, որը պետք է քննի կանոնադրությամբ նշված առավել ծանր հանցագործությունները բացառելու համար այդ հանցագործությունները կատարած անձանց անպատժելիությունը և նպաստելը այդպիսի հանցագործությունների կանխմանը»,-ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է հանցագործությունների շրջանակը՝ ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը։

«Կանոնադրության հրատապությունը առաջին հերթին պայմանավորված է դեռևս 2021 թվականի մայիսից սկսած և այնուհետև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով»,-ասաց Մինասյանը, հավելելով, որ սա արվում է նրա համար, որ Հայաստանը կարողանա տարածել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը պատերազմական հանցագործությունների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։