Վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Կառավարության հերթական նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի հստակեցնել վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները։
«Նշեմ, որ գործող կարգավորումների համաձայն՝ և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ վճարել այն աշխատողին, որը մասնակցում է վարժական հավաքների, միայն սահմանված է, որ վարժական հավաքի կանչվելու դեպքում պահպանվում է քաղաքացու աշխատատեղն ու պաշտոնը։ Նախագծով առաջարկվում է՝ մինչև 30 օր վարժական հավաքներին ներգրավվելիս գործատուի կողմից վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար, որպես զինծառայող, հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։ Եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, վարժական հավաքների ներգրավվելիս ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, իսկ գործատուն պարտավորվում է վճարել մնացած հատվածը՝ 120 հազար դրամը։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ շատ անհրաժեշտ նախագիծ է և կանեն այնպես, որ և՛ գործատուն, և՛ աշխատողը չտուժեն։
«Շատ ուրախ եմ, որ այս կարգավորումն արդեն անում ենք և հույս ունեմ՝ ԱԺ մեր գործընկերները հնարավորինս արագ այս կարգավորումը կընդունեն և ՀՀ նախագահը կստորագրի»։
Մանրամասները՝ տեսանյութում։