Իշխանությունը պետք է փակագծերը բացի, թե որն է ԵՄ-ի և ՀԱՊԿ-ի առաջարկների տարբերությունը․ Աբրահամյան

2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո տևական ժամանակ է քննարկվում էր ՀՀ բաց առաջարկը Ադրբեջանի հետ սահմանագիծին  դիտորդական առաքելություն տեղակայման վերաբերյալ։ Արդյունքում, ՀՀ առաջնագծում տեղակայվեցին ԵՄ քաղաքացիական դիտորդները, որոնք ավելի ուշ հայտարարեցին, որ իրենց ձեռքին միակ գործիքը լուսանկարչական ապարատն ու հեռադիտակն է։ Ավելին, վերջին օրերին մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ԵՄ առաքելությունն իր գործունեության վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվում է նաև Ադրբեջանի հետ, ինչի պաշտոնական հաստատումը կնշանակի անվտանգության լրջագույն սպառնալիք ՀՀ-ի համար։

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

«Առ այս պահը հստակ չէ, թե առաքելության գործունեությունն ինչպիսի քաղաքական հետևանքներ կունենա ԵՄ կառույցներում և վերջնարդյունքներում ի՞նչ նպատակի կծառայի, դա կդառնա Ադրբեջանի վրա, ըստ ԵՄ առաջնահերթությունների, ճնշելու գործիք, թե՞ որպես հետևանք կծառայի Ադրբեջանի հնարավոր ագրեսիան ճնշելու համար։ Այս համատեքստում ուշագրավ են ՌԴ-ից ակտիվացող այն հայտարարություններն ու քննարկումները, թե ՀՀ-ից դրական ազդակներ ստացել են նույն սահմանագծին ՀԱՊԿ դիտորդներ կամ խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ, որի շուրջ քննարկումներ են ընթանում։ Ավելին, ըստ այդ գնահատականների՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ Ընդ որում, դրան զուգահեռ քննարկման օրակարգ է բերվել կրկին ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության փաթեթի հարցը, որը, կարծես, նույն առաջարկի շրջանակներում է, այս տեսանկյունից ևս մեծ թվով հարցեր կան առ այն, թե ինչ առարկայական առոմով է ներկայացվում ՀԱՊԿ ռազմատեխնիկան համագործակցությունը և ինչ գործառույթների շրջանակնում է տեղի ունենալու ՀԱՊԿ դիտորդների հնարավոր տեղակայումը։ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու համար առաջնայինը  Ադրբեջանի զսպումն է՝ նվազագույն կորուստներով, ինչը ենթադրում է, որ ԵՄ-ի և ՀԱՊԿ-ի առաջարկների հարցում իշխանությունները պետք է փակագծերը բացեն, թե որն է ԵՄ-ի և ՀԱՊԿ-ի առաջարկների տարբերությունը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում