Արցախում վառելիքի սակավության խնդրի հետևանքով կաթվածահար են լինում գյուղատնտեսական աշխատանքները

Ադրբեջանի կողմից Արցախի 66-օրյա շրջափակման հետևանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության հրապարակած տեղեկագրում տեղ է գտել նաև լրատվամիջոցներից մեկին Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանի տված հարցազրույցը, որի համաձայն՝ շրջափակման պատճառով գրեթե անհնար է դարձել գարնանացան մշակաբույսերի սերմերի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, իսկ անասնաբուծության ոլորտում՝ հատիկային և խտացրած կերերի ներկրումը։ Գրում է Artsakhpress-ը։
Հատկապես խնդրահարույց է դարձել հանրապետությունում վառելիքի սակավությունը, ինչի հետևանքով կաթվածահար են լինում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի ընթացիկ աշխատանքները:
Գազամատակարարման և էներգամատակարարման խափանումների պատճառով ջեռուցվող ջերմոցները զգալիորեն տուժում են: Արդեն արձանագրվել են սածիլների և նույնիսկ չհասունացած բերքի ցրտահարման դեպքեր, ինչը տնտեսավարողներին և՛ նյութական, և՛ հոգեբանական հարված է հասցրել:
Տեղական արտադրության բուսաբուծական մթերք այս պահին վաճառքի չկա կամ շատ չնչին քանակով է, քանի որ ստեղծված իրավիճակում գյուղացիներն ամբարած բերքը պահում են սեփական կարիքները հոգալու և որպես սերմացու օգտագործելու նպատակով։