Ի՞նչ է կատարվում Գրիգոր Մինասյանի և նոտարների միջև․ կարգապահական տույժի շարա՞ն է սպասվում

Ի՞նչ է կատարվում Գրիգոր Մինասյանի և նոտարների միջև․ կարգապահական տույժի շարա՞ն է սպասվում

Օրեր առաջ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Երևան» նոտարական տարածքի՝ «Կենտրոն 1» նոտարներից մեկը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որի նկատմամբ կարգապահական տույժ էր կիրառվել։ 

Նախարարությունը հայտարարել էր, թե վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ և 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարված նոտարական գործողությունների ուսումնասիրություն։ 

Արդարադատության նախարարի հրամանով հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում թվով 34 նոտարական գործերում հաստատվել են արձանագրված խախտումները: Արդյունքում նոտարներից մեկի՝ Նունե Սարգսյանի գործունեության կասեցվեց մեկ ամիս ժամկետով: 

MediaHub.am-ի տեղեկություններով Նունե Սարգսյանը միակը չէ և նստավայրերում խոսակցություններ ու մտավախություններ կան, որ նախարարությունը նույն ձեռագրով իրենց է մոտենալու։ Նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը, սակայն, MediaHub.am-ին հավաստիացրեց, որ որևէ տարաձայնություն չկա: 

«‎Մնացյալ բանբասանքները չենք մեկնաբանում: Պարոն Մինասյանը գործում է իր լիազորությունների շրջանակներում»,-փոխանցեց խոսնակը:

Լիաննա Թորոսյան